Հայաստան 

«Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին

Հայաստանի նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձիք` իրենց ղեկավար Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ, ս.թ. հունվարի 12-ի երեկոյան նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել իրենց կողմից կանխավ ընտրված վայրում: Նման հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:

Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը:

«Հայազնի» դեմ ընդհանրական եւ հասցեական թշնամանքի բազմաթիվ դրսեւորումներ եւ հարցերը փողոցում քրեորեն լուծելու փորձեր նախկինում եւս եղել են, սակայն մինչ օրս նրանց չէր հաջողվել գործը ծեծկռտուքի հասցնել:

Կարեն Վրթանեսյանի եւ իր գլխավորած մերձիշխանական կիսագաղտնի կառույցի գործառույթներից մեկը քաղաքական մանկապղծությունն է՝ հայրենասիրական տրամադրություններ ունեցող երիտասարդների շրջանում՝ նրանց ապաքաղաքականացումը եւ իշխանական կառույցների հսկողության ներքո հավաքագրումը, տարատեսակ քարոզչական արշավները, որոնք իբր ավելի դրական վերաբերմունք պետք է ձեւավորեն Սերժ Սարգսյանի ակնհայտ ապազգային իշխանության նկատմամբ: Նրանց այդ գործունեությունը հանդիպել է «Հայազնի» բնականոն քննադատական հակազդեցությանը:

Մենք մտադիր ենք իրազեկել հանրությանը իր հարկերի հաշվին գոյություն ունեցող այդ կառույցի գործունեության ու կազմի վերաբերյալ: Կարեն Վրթանեսյանը վերջին շրջանում անթաքույց պարծենում է Վատիկանում ՀՀ դեսպանի ղեկավարած ինչ-որ օղակի աշխատակից լինելու հանգամանքով:

Հանդիպելով տուժողի ներկայացուցիչների հետ՝ Կարեն Վրթանեսյանը ոչ միայն որեւէ զղջում չի ցուցաբերել, այլեւ ցինիկաբար հայտարարել է որ իր ընկերներից ոչ ոք ոչ մեկի չի դանակահարել:

Առայժմ մենք վստահ չենք, արդյո՞ք կատարվածը Կարեն Վրթանեսյանի անձնական անհավասարակշռության եւ ոչ համարժեքության արդյունք է, թե՞ պետական արտոնությամբ հերթական հատուկ գործողություն:

Կատարվածի եւ քննության մանրամասների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի:

Նույն շարքից