Հայաստան Հասարակություն Հարցազրույց 

Ճիշտ կլիներ, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետաձգվեր. Գարեգին Նուշիկյան

analitik.am

Հունվարի 18-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայանալիք բողոքի ցույցի հետ կապված www.analitik.am զրուցեց ՀՀԿ-ական որոշ պատգամավորների հետ՝ վերջիններիս ուղղելով հետևյալ հարցը.

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բավականին աղմկոտ բողոքի ալիք է բարձրացել, նման իրավիճակում չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ համակարգի ներդրումը որոշ ժամանակով հետաձգել:

Ստորև ներկայացնում ենք պատասխանները.

Արտաշես Գեղամյան. «Ոչ: Հակված եմ նրան, որ ոչ թե համակարգի ներդրումը հետաձգվի, այլ այնպիսի օրենքներ ընդունվեն, որոնք կփարատեն երիտասարդների կասկածները»:

Գարեգին Նուշիկյան. «Կարծում եմ՝ այո: Միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ հետաձգվեր»:

Սուքիաս Ավետիսյան. «Ցանկացած նման լուրջ քայլի հետ կապված դժգոհություններ կլինեն, բայց այն, որ մարդիկ փորձում են օգտագործել այդ բողոքները դիվիդենտներ քաղելու համար, դա արդեն վատ է: 10 տարի խոսվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, շարունակական քննարկումներ են եղել, ես ինքս հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր աշխատավարձների հետ կապված խնդիրներ ունեն, այսինքն այս համակարգի ներդրումը բավականին երկար ժամանակ քննարկվել է: Յուրաքանչյուր ռեֆորմիստական քայլ էլ դժգոհություն է առաջացնում: Պետք  չէ հետաձգել, քանզի հետագայում  արդեն սերունդները կդժգոհեն՝ ասելով, որ ինչու՞ այն ժամանակ այսչափ կարևորագույն հարցին՝ ինչպիսին կենսաթոշակայինն է, լուծում չի տրվել: Մենք այժմ ուղղակի այլընտրանք չունենք, հետագա սերունդներին պետք է կենսաթոշակով ապահովել, ինչի համար էլ այսօր պետք է ներդրվի այս համակարգը: Պետական բյուջեից բավականաչափ գումար է ներդրվել այս համարագի գործարկման համար, ինչը նշանակում է, որ այն պարտադիր և կարևորագույն հարց է, որը պետք է լուծվի, այլ ոչ թե հետաձգվի»:

Մանվել Բադեյան «Չեմ կարծում, որ պետք է հետաձգվեր: Երկար ժամանակ կար կարծիքներ ստանալու համար: 3 տարվա ընթացքում չի եղել ոչ մի առաջարկություն կամ առարկություն կապված այս համակարգի հետ: Միայն օրենքն ընդունելուց 1-2 ամիս առաջ հարցը փորձեց քաղաքականացվել: Ինչ խոսք, օրենքն անթերի չէ, ինչպես ցակացած օրենք, բայց դա էլ ժամանակի հարց է: Կուտակային կենսաթոշակային համակարգ պետք է լինի: ԱՊՊԱ-յի ներդրմանն էլ էին սկզբում դեմ դուրս գալիս, բայց այսօր արդեն մարդիկ շահագրգռված կնքում են ԱՊՊԱ պայմանագրերը, քանզի ժամանակը ցույց տվեց, որ դա արվել և գործում է ի օգուտ հասարակության: Փորձել ենք հնարավորինս նվազեցնել ռիսկերը, գումարը չի թողնվել կառավարության ձեռքում, քանզի ունենք նախկին դառը փորձը՝ ԽՍՀՄ տարիների, երբ մարդիկ ունեզրկվեցին: Գումարի տնօրինումը տրվել է անկախ կազմակերպությունների, որոնք կառավարում են շատ երկրների կուտակային կենսաթոշակային ֆոնդերը: Ինչ վերաբերում է նրան, որ խոսվում է ներկայիս կառավարության վստահություն չունենալու մասին, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ 25 տարի անց կառավարությունն ավելի վստահելի է լինելու: Ցածր աշխատավարձների հետ կապված էլ ասեմ, որ այս օրենքով այդ հարցը պետք է լուծում չստանա: Այս համակարգի ներդրումը բացարձակ այլ հարց է լուծում, այլ օրենքներով պետք է կարգավորվի աշխատավարձների հետ կապված  և այլ հարցերը: Այս օրենքը բացարձակ այլ հարց է լուծում՝ ապահովում է սերունդների կենսաթոշակը»:

Շուշան Պետրոսյան. «Ինձ հանգիստ թողեք: Ես հիվանդ եմ, ինչն այս ամենի արդյունքն է: Ես ինձ միայն դասական երաժշտություն եմ թույլ տալիս»:


Սոնա Ասատրյան

 

Նույն շարքից