Հայաստան Տնտեսություն 

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Արմեն Մովսիսյանին

analitik.am

Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Այդ մասին ասվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած նոր հաղորդագրության մեջ:


Հայտարարության մեջ ասվում է. «Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝  «Գույք պարտքի դիմաց»  գործարքի մանրամասների համար եւ կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:


Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներից:  Սակայն «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը եւ Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մանավորապես ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման եւ կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը եւ ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ եւ ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, եւ որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը եւ իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին:


Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թվականների համաձայնագրերի բաղադրիչները: 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին Գազպրոմի ներգրավումն էր՝ 5-րդ էներգալբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով Գազպրոմը ներառվում էր Իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության եւ հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը:


Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ Էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96թթ.-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: Գազպրոմն ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, Գազպրոմի կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով: Նախագծի վարողը հանդիսանում էր Հայռուսգազարդի ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ եւ հայ-իրանական գազամուղ, ինչպես նաեւ, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որեւէ մեկին որեւէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց եւ թափանցիկ /տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449/:


Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ Գազպրոմի հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:

Մանավորապես.

1. Այն ժամանակվա եւ ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է:


2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային եւ չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները եւ գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:


3. Հայռուսգազարդի գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբեւէ չի ասել, թե տնօրենների խորհրդում Գազպրոմի ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության եւ ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: Հայռուսգազարդի ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել:

4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված եւ չհերքված վերջին համաձայնագրից.


«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի եւ /կամ չեղյալ հայտարարի/ եւ կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը եւ/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային եւ արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի/ եւկամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի եւ/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների եւ/կամ սահմանափակումների գործարկում»:


Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր Հայռուսգազարդը ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց եւ էլեկտրոգեներացիայի խոշոր մասնակից է /5-րդ էներգաբլոկ/: Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները:


Նախարարը թերեւս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ /բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից/:

5. Մենք նաեւ կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային եւ որ Գազպրոմի հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները:

Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սեւով սպիտակին, եւ հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները եւ ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, եւ այսպիսին է մեր իրականությունը: 


Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/:


Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսեւորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է:


Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն եւ ոչ այնքան իր համար, այլ նաեւ այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երեւանի եւ այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները:


Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ»:

Նույն շարքից