Հայաստան 

Ակտիվիստները պահանջում են բացահայտել իրենց հետապնդող «ինքնակոչ ոստիկաններին»

Եթե ՍԴ-ն մեզ համար ընդունելի որոշում չկայացնի, կանցնենք ավելի ռադիկալ ակցիաների: Այս մասին Ազատության հրապարակում հունվարի 18-ին մեկնարկած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթին ասաց նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը։


Նշելով, որ ոստիկանությունը հերքել է հունվարի 16-ի ավտոերթից հետո նախաձեռնության բազմաթիվ անդամների նկատմամբ ոստիկանական հետապնդումները, քաղաքագետն ասաց, որ այդ դեպքում ոստիկանությունը պարտավոր է պարզել ինքնակոչ ոստիկանների ինքնությունը եւ պատժել նրանց։


«Անցել է այն տոտալիտար մտածելակերպի ժամանակաշրջանները, որ մարդիկ վախենան»,- ասաց նա։


Հեռուստատեսային պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, որը շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ միացել է նախաձեռնությանը, Ազատության հրապարակում ասաց, որ ինքը միշտ փորձել է մասնակցել հավաքներին եւ ցույց տալ իր աջակցությունը. «Ես որևէ մեկից վախենալու կամ թաքցնելու որևէ բան չունեմ և սկզբից էլ դեմ եմ եղել օրենքին»։


Հիշեցնենք, որ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հավաքին մասնակցում են խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչները:

Նույն շարքից