Հայաստան 

Իշխանությունը պետք է գիտակցի և հետ քայլ կատարի. ՀՅԴ-ական պատգամավոր

Ես քաղաքացիներին հորդորում եմ ոչ մի ընտրություն չկատարել կենսաթոշակային մասնավոր հիմնադրամների միջև, քանի որ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումն անօրինական է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքից հետո ընթացող երթի ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


Նրա խոսքով՝ մարտի 28-ին, երբ որոշում կայացվի, որ այս օրենքն անվավեր է, քաղաքացիների իրավունքի վերականգնման մեխանիզմ է առաջարկվելու, որոնք արդեն վճարումներ են կատարել այդ մասնավոր հիմնադրամներին:


«Նրանք, որոնք արդեն կատարած կլինեն վճարումներ, պետք է հետ ստանան այդ դրամական միջոցները, ուստի խորհուրդ եմ տալիս չշտապել ու չընտրել հիմնադրամներ»,-ասաց նա՝ հավելելով, որ յուրքանչյուր քաղաքացու իրավունքն է, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի անպայման մտնի դատարան բողոքարկի եւ հեղեղի դատարանները դատական հայցերով:


«Սա դեռ սկիզբն է: Քանի դեռ ուշ չէ, իշխանությունը պետք է գիտակցի եւ հետ քայլ կատարի, քանի որ բողոքող քաղաքացիների թիվն ավելանալու է, մարդիկ օր-օրի ավելի են բարկանում իշխանությունների վարած քաղաքականության վրա: Եթե իշխանությունը չլսի հասարակությանը, նա ավելի վատ արդյունք կունենա, թե իր, թե հասարակության համար»,-ամփոփեց Մինասյանը:

Նույն շարքից