Այսօր՝ հունվարի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, խոսելով մարտի 1-ի և մասնավորապես այն մասին, որ իր անունը կապում են այդ դեպքերի հետ, լրագրողին խորհուրդ տվեց գնալ, բացել ՀԺ-ն ու կարդալ. «Գնա, բացիր Նիկոլ Փաշինյանի թերթն ու կարդա, որ Գագիկ Ծառուկյանը միակ մարդն է, ով ժողովրդի կողքին է եղել ու չի մասնակցել»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ իր թիկնազորը մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, ԲՀԿ նախագահն ասաց, որ նման բան ասողն ու չապացուցողը անբարոյական մարդ է:
Ծառուկյանը խոսեց նաև ի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի մասին՝ հայտարարելով, որ վերջինս խորհրդարանում հայտնվել է քաղաքացիների որոշմամբ, ձայնով:
Իսկ ինչ վերաբերում է Վյաչեսլավ Հարությունովի հետ կապված միջադեպին, ԲՀԿ նախագահն ասաց, որ ինքը վերջինիս չի հարվածել, եթե հարվածեր, նա ոտքի վրա չէր կարող կանգնած մնալ:
Հետո Ծառուկյանը նաև լրագրողներին մեղադրեց իրեն վատ վիճակի մեջ դնելու փորձեր անելու մեջ. «Որ ազգով էլ կանգնեք, Ծառուկյանի վատ վիճակի մեջ չենք կարող դնել, որովհտեև ես ինչպես գիտեմ, պատկերացնում եմ, ինչպես իրականությունն է, ասում եմ»:
ԲՀԿ առաջնորդը նաև կարծում է, որ լրագրողները պետք է երանի տան իր նման պատգամավոր ունենալու համար, դա պետք է մարդկանց: