Քաղաքական 

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարևորության հարցերի քննարկման և համազգային նպատակների ուղենշման յուրահատուկ կառույց: Վստահ եմ` հանրային քաղաքական ակտիվ ներգրավվածությունը և խորհրդարանական աշխատանքի փորձը նպաստելու են ԱԺ նախագահի բարձր պաշտոնում Ձեր գործունեության հաջողությանը` ի շահ հայրենիքի անվտանգության ու կայունության և Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովման:

Երկու հայկական խորհրդարանների միջև ձևավորված առանձնահատուկ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները հուսալի հիմք են փոխգործակցության շարունակականություն և նոր որակ արձանագրելու համար: Համոզված եմ` մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձևավորված ավանդույթները և ավելի բեղմնավոր ու ներդաշնակ կդարձնենք առկա համագործակցությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջ առողջություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում»,-նշված է շնորհավորական ուղերձում:

 

Նույն շարքից