Խորհրդարանում շարունակում են քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցը: Ինչպես երևում է, ԲՀԿ-ում նեղացած են, որ Լուսավոր Հայաստանից չեն շնորհավորել իրենց խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնելու կապակցությամբ:
Դիմելով ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ցանկացավ իմանալ, թե ինչու ԼՀԿ-ից չեն շնորհավորել ԲՀԿ-ին՝ հիշեցնելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Լուսավոր Հայաստանին: Թանդիլյանը հայտարարեց, որ այդ վրիպակն իրենց կողմից եղել է նաև Իմ քայլը դաշինքի նկատմամբ: Դա վրիպակ է, այլ բան չի նշանակում, և ինքը շնորհավորում է երկու ուժերին էլ:
Թանդիլյանը պատասխանեց նաև Իմ քայլը դաշինքից Միքայել Զոլյանի հարցին՝ փորձել են արդյո՞ք ԼՀԿ-ում համաձայնության գալ ԲՀԿ-ի հետ և միասնական թեկնածու առաջադրել: ԼՀԿ թեկնածուն ասաց, որ իրենք ցանկացել են, որ ընտրությունը կատարի իշխող ուժը: