Հայաստան 

ՀՅԴ-ն ցույց է անելու արտգործնախարարության առջեւ

analitik.am

Վերջերս, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը եւ դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Այդ մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարության մեջ:

«Ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար հրադադարի խախտման փորձերի հետեւանքով մարդկային կորուստները, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական եւ ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլեւ խրախուսում եւ միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ապակառուցողական եւ տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը:

Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը եւ համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:

Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ  ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց:

Ցույցը տեղի կունենա Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, ժամը 11:30-ին:

Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների Երիտասարդական միություններին, անկախ քաղաքական դիրքորոշումից եւ մոտեցումներից, միանալ բողոքի ցույցին եւ միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից