Գլխավոր Իրավական 

Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ

analitik.am

ՈՎ Է ԽԱԽՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։

Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ:

Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացույցն են

Մարտի 1-ի գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են

ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը,

երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները,

2018 թ․ դեկտեմբերի 20-ին իմ՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ. 40),

դրանով իսկ նաև մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ․ 31),

2018 թ․ դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանքի առաջադրումը։

Ուստի իրավունք ունեմ հարցնելու․

-Սահմանադրությունը ոտնահարողները արդյո ՞ ք իրավունք ունեն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ։

Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները» ։

Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար։

Ես՝ որպես մեր պետականության ստեղծման ակունքներում կանգնած, պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած մարտական գեներալ, որը տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և Արցախի զինված ուժերը, Արցախի և Հայաստանի երեք նախագահների, բանակի սպայի, զինվորի, ազատամարտիկի և ողջ ժողովրդի հետ անառիկ պահել մեր սահմանները, անհասկանալի ու տագնապալի եմ համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը և խիստ զգուշացնում եմ, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը։

Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։

Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի։

Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ։

Սեյրան Օհանյան

Նույն շարքից