Հայաստան 

ԲՀԿ-ն թևակոխում է նոր փուլ. Վարդան Օսկանյան

analitik.am

Այս համագումարով «Բարգավաճ Հայաստանը» թեւակոխում է նոր փուլ եւ դա թելադրված է ժողովրդի պահանջներով, երկրում ստեղծված իրավիճակով։ Այս մասին այսօր՝  փետրվարի 15-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ համագումարից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը։

«Այսօր Ծառուկյանի ելույթում շատ հետաքրքրողական եւ կառուցողական առաջարկներ կան, այս համագումարով  ԲՀԿ-ն նոր փուլ է թեւակոխում եւ դա թելադրված է մեր ժողովրդի պահանջներով, երկրում ստեղծված իրավիճակով»,- ասաց նա։ Վարդան Օսկանյանը շեշտեց, որ չորս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը  իր դրական արդյունքը կտա։ Նա փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում ասել է, որ «եկեք սթափվենք, ճիշտ գնահատական տանք եւ փորձենք միասնական մոտեցումներով երկիրը այս ծանր վիճակից դուրս բերել»։ ԲՀԿ-ական պատգամավորի փոխանցմամբ՝  բեկումնային իրավիճակ է, կամ երկիրը կգնա այս ճանապարհով եւ կկործանվի, կամ պետք է սթափվենք։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն՝ իրեն ընդդիմություն հայտարարելու վերաբերյալ հարցին, նախկին արտգործանախարարն ասաց, որ իրենք այդ կատեգորիաներով չեն առաջնորդվում, «կուսակցությունը իր գործունեությամբ արդեն թելադրում է, թե ինքը ինչպիսի դիրքորոշում է որդեգրում»։ Վարդան Օսկանյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում հստակ նշել է, որ  երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացել, կուսակցությունը իր իմաստը կկորցնի, եթե դրանք չբարձրաձայնի եւ այլընտրանքային լուծումներ չառաջարկի, հետեւաբար՝ ԲՀԿ-ի գաղափարախոսությունմ է՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող եւ  դրա շուրջ համախմբել քաղաքական ուժերին։

Նույն շարքից