Հասարակություն 

Խաչիկ Ասրյանը որոշել է «գրավել» Ֆեյսբուքը

analitik.am

Պատվախնդի՛ր Հայեր

Սկսած 1991 թվականի օգոստոսից մինչ օրս՝ շուրջ 27 տարի, Հայաստանում և Արցախում անձամբ ինքս կազմակերպել եմ շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակը եղել է մատաղ սերունդների շրջանում հայրենասիրական դաստիարակության քարոզչությունը, բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ անսասան հավատի  և հայոց ավանդական սուրբ ընտանիքի արժեհամակարգերի պահպանությունը, Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի արտաքին անվտանգության պաշտպանությանն անմիջական մասնակցություն ունենալը:

Եվ այդ 2000 միջոցառումներից 1.500-ը կազմակերպել եմ վերջին 15 տարիներին՝  «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունների գործունեության ընթացքում, որոնց մասնակցել են շուրջ 400.000 քաղաքացիներ՝ Հայաստանից և Արցախից (http://www.hayocartsivner.am/):

Ցավով և ափսոսանքով պետք է փաստեմ, որ հայոց նորանկախ պետականաշինության, հատկապես բանակաշինության գործում մեծագույն ներդրում ունեցած 2000 միջոցառումները պատշաճ և օպերատիվ ձևով չեն ներկայացվել հայ հասարակությանը:

21-րդ դարում բուռն գործունեությունդ հասարակությանը ներկայացնելու լավագույն միջոցներից են սոցիալական կայքերը, մասնավորապես Facebook-ը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործունեությունն արդեն Ֆեյսբուքում է: Ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում (Խաչիկ Ասրյան/ Хачик Асрян/ Khachik Asryan) կլինեն «Հայոց Արծիվների» և  «Սյունյաց Արծիվների» 15-ամյա գործունեության ընթացքում կազմակերպված 1.500 հայրենասիրական միջոցառումները (հակառակ հերթականությամբ, այսինքն՝ 2018 թվականի փետրվարի  23-ից  մինչև  2002  թվականի հոկտեմբերի 9-ը)՝ լուսանկարների և տեսանյութերի տեսքով:

Ֆեյսբուքյան իմ էջում կլինեն նաև 2018 թվականի հունիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից մինչև հիմա իմ ելույթները, հայտարարություններն ու հարցազրույցները, իմ կողմից կազմակերպված միջոցառումների լուսանկարներն ու  տեսանյութերը,  ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում իմ կողմից գրված կոչերը, պատգամներն ու աֆորիզմները:

Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գաղափարով, ինչի համար էլ հարկ է լինել հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող իրապես քրիստոնյա քաղաքացի:

Հաշվի առնելով Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհքաղաքական սրընթաց փոփոխությունները, հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների ամենօրյա հայտարարվող ռազմատենչությունը, Հայաստանի և Արցախի երկնակամարում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը՝ կոչ եմ անում բոլոր հայրենատեր քաղաքացիներին՝ համախմբվել և իսկական միասնությամբ պաշտպանել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի արտաքին անվտանգությունը:

Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքները:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, սփյուռքահայությանը և հայոց սուրբ հողը:

Կեցցե՛ Հայոց Անկախ Պետականությունը:

Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

հիմնադիր նախագահ՝  Խաչիկ Մայիսի Ասրյան

 

Նույն շարքից