Հայաստան 

Փոխվարչապետը Արմավիրում հանդիպել է ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ

analitik.am

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես ապրիլի 1-ին Արարատի մարզում կայացած հանդիպմանը,այստեղ ևս հիմնականում բարձրացվել են պետության կողմից աջակցությանը, վարկային պարտավորությունների մեղմմանը, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն երկրորդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում, և համայնքապետների կողմից առաջարկվել է այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ վնասի չափերը ճշգրտելու համար ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղերում: Առաջիկայում տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն Կառավարություն: Նա խոստացել է, որ Արմավիրի մարզի դեպքում հաշվի կառնվի նաև համայնքապետների մատնանշած հանգամանքը: Տեղեկացվել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես քննարկում է գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը, և դրա վերաբերյալ ևս առաջարկություններ կներկայացվեն: Բացի այդ, հանձնարարվել է նաև գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով` Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կձևավորվեն աշխատանքային խմբեր` համայնքներում տնտեսությունների հետ անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու և պարզելու անցած տարի կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող` ցրտահարության հետևանքների մեղմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի համայնքների ղեկավարներն առաջիկա օրերի ընթացքում հաշվարկեն սերմացուի պահանջարկը և համապատասխան տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը նույնպես Արմավիրի մարզի մի շարք համայնքներում հանդիպումներ է ունենալու գյուղացիական տնտեսությունների հետ` իրավիճակին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Նույն շարքից