Հայաստան 

Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է Քեսաբի դեպքերին

analitik.am

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից խնդրեց ներկայացնել, թե ինչ իրավիճակ է այժմ սիրիական հայաբնակ Քեսաբ բնակավայրում: Նախարարը նշեց, որ 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է Դամասկոս, Բեյրութ, Լաթաքիա, 200 հոգի պատսպարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 հոգի պատանդ էին մնացել, որից 24 հոգին հետ են վերադարձվել:

 

«Անճարում երեխաները դպրոց են գնում, շտապօգնության կառույցներ եկեղեցու մոտ կան ու կարողանում են հասնել օգնության, առաջին անհրաժեշտության պարագաները ապահովված են»,-ասաց նախարարը:

 

Վերջինս շեշտեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը Հաագայից ազդակ էր հայ ժողովրդին և միջազգային հանրությանը:

 

«Մենք նախագահի հայտարարությունն ուղարկեցինք բոլոր համայնքների ղեկավարներին՝ խնդրելով միտինգներ անել ու օգնություն կազմակերպել, ու բոլոր համայնքները լավ աշխատեցին»,–ասաց նա։

Հրանուշ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ երեկ էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է դիմել ԵԺԿ-ին, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները: Նախարարը հավելեց, որ ցավոք սրտի, պղծվել են հայկական եկեղեցին ու խաչերն են իջեցրել, ավերողներն ապրում են հայկական տներում, թալանվում է նյութական ունեցվածքը:

Նախարարը նշեց, որ որևէ մեկը Քեսաբից չի եկել Հայաստան, բայց և հնարավոր համարեց, որ եկեղեցու տարածքում բնակվողները կարող են տեղափոխվել Բեյրութ, այնտեղից էլ՝ Հայաստան:

Նույն շարքից