Հայաստան 

ԱՄՆ-ը և ՀՀ-ն համագործակցում են միջուկային մաքսանենգության դեմ պայքարում հնարավորությունների զարգացման ուղղությամբ

analitik.am

Այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանում մեկնարկել է ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաների հանդիպումը՝ քննարկելու միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունը։

Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում:

Երկօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ և հայաստանյան պատվիրակությունները վերահաստատել են ահաբեկիչների և այլ հանցագործների կողմից սև շուկայում միջուկային նյութերի ձեռքբերմանը հակազդելուն ուղղված ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Ընդունելով միջուկային նյութերի մաքսանենգության հնարավոր դեպքերին համաձայնեցված, կառավարության բոլոր օղակները ընդգրկող հակազդման կարևորությունը՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ մի շարք նախարարությունների և ԱՄՆ կառավարության համապատասխան գործակալությունների ներկայացուցիչներ:

Երևանյան հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են 2008թ. հուլիսին ստորագրված ԱՄՆ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Կողմերը փոխանակել են միջուկային նյութերի մաքսանենգության ներկա սպառնալիքների և միտումների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկել միջուկային նյութերի հայտնաբերման, միջուկային դատափորձագիտության, օրինապահ մարմինների հետախուզության և այլ բնագավառներում առաջատար փորձը, որն ուղղված է միջուկային նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելմանը, հայտնաբերմանն ու հակազդմանը: Այս քննարկումները հարթակ են ապահովում ԱՄՆ և Հայաստանի միջև շարունակական համագործակցության համար միջուկային նյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հետախուզման և դատական հետապնդմանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում:

Հնարավոր վտանգ ներկայացնող միջուկային նյութերի առգրավումը տարածաշրջանում 2010 և 2011թթ. մեկ անգամ ևս ընդգծեց միջուկային մաքսանենգության բնագավառում համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը ուղղված սպառնալիքներին հակազդելու լավագույն միջոցը համագործակցությունն է: Միացյալ Նահանգները համագործակցում է գործընկեր կառավարությունների, այդ թվում Հայաստանի կառավարության հետ, միջուկային մաքսանենգության համապարփակ հակազդեցությանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում՝ ուշադրություն դարձնելով տեղեկատվության հավաքագրմանը և վերլուծությանը, օրենքների կիրառմանը և տեխնիկական հարցերում վերադասից աջակցություն ստանալուն, որոնք հաջողությամբ կիրառվել են միջուկային մաքսանենգության ցանցերը հայտնաբերելու և այդ դեպքերի մեծ մասում ներգրավված հանցագործներին ձերբակալելու գործում: 

Նույն շարքից