Բարի օր Իրավական Հարցազրույց 

Փաստաբաններն՝ իրենց իրավունքների պաշտպանվածության և փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների մասին

analitik.am

Օրեր առաջ մի խումբ ցուցարարների կողմից Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի իրավունքների ոտնահարման հետ կապված Analitik.am-ը զրուցեց փաստաբաներ Ռուբեն Հակոբյանի և Նազելի Վարդանյանի հետ:  Հակոբյանը Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի իրավունքները ոտնահարած ցուցարարների արարքը գնահատեց աննորմալ երևույթ. «Նորման տրամաբանող քաղաքացու մոտ կարևոր չէ տվյալ մարդն իրավաբան է, թե՝ ոչ: Նորմայի սահմաններում մտածող մարդը չի կարող նման բաներ անել, ես դա գնահատում եմ աննորմալ երևույթ՝ չզսպված, չհավասարակշռված, էմոցիաներին տրված և ոչ ճիշտ վարքագիծ»:

Փաստաբանն ասաց նաև, որ պետք չէ փաստաբանին, պաշտպանին  նույնացնել իր վստահորդի հետ. «Նրանք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները՝ լավ, թե վատ, դրանք վերջնական արդյունքում կերևան»:

Տիկին  Վարդանյանն էլ ասաց, որևէ մեկին չի թույլատրվում փաստաբաններին վիրավորելով խոչնդոտել նրանց գործուներությունը. «Բայց մյուս կողմից էլ՝ փաստաբանը պետք է էթիկայի կանոնների սահմաններում որևէ քաղաքական կամ այլ գործի վերաբերյալ հայտարարություններ չանի և այլ անձանց չվիրավորի: Հատուկ փաստաբանների կանոնակարգ կա և պետք է գործել դրան համապատասխան»:

Այն խնդրի մասով էլ, որ  մարդիկ հաճախ  նույնականացնում են պաշտպանյալներին փաստաբանների հետ, պարոն Հակոբյանն ասաց, որ փաստաբանն օրենքով դրված լիազորությունների շրջանակում իր մասնագիտական պարտականություններն է իրականացնում. «Չի կարելի այդպես վարվել, դա սխալ է: Նույն հաջողությամբ, որ զուգահեռներ անցկացնենք՝ ապա ինչո՞ւ բժիշկներին չեն վատաբանում, նա էլ իր պարտականություներն է անում: Հիվանդը հիվանդ է, նա էլ պետք է իր բուժումը ստանա, փաստաբանի համար էլ հերթական շահերը պաշտպանելն  իր սուրբ առաքելությունն է, և դա պետք է պատշաճ որակով ու սկզբունքայնությամբ անել»:

Տիկին Վարդանյանն էլ է այն կարծիքին, որ դա անթույլատրելի է, որովհետև փաստաբանն իր մասնագիրական գործունեությունն է իրականացնում, բայց դրա հետ մեկտեղ նշեց, որ փաստաբանների կողմից էլ է անթույլատրելի գործողություններ նկատում. «Տեսնում եմ նաև, որ փաստաբաններն էլ են անթույլատրելի գործողություններ անում՝ վիրավորում են մարդկանց, որոնք ցույց են անում, իսկ դա քաղաքացիների իրավունքն է, ու որևէ փաստաբան իրավունք չունի խոչնդոտելու կամ վիրավորելու այն անձանց, որոնք իրենց վերաբերմունքն են հայտնում կոնկրետ գործում»:

Այն հարցին, թե ի՞նչ պետք է անել փաստաբանների իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելու համար, փաստաբան Հակոբյանն ասաց, որ ոչ մասնագիտական պարտականությունների նկատմամբ ոտնձգություն իրականացնելու, խոչնդոտելու հետ կապված օրենսդրական լուրջ փոփոխություններ պետք է նախաձեռնվի և փոփոխվի  քրեական օրենսգրքում: Պետք է խստացվի և առհասարակ, հասարակության մեջ պետք է մարդկանց իրավագիտակցության մակարդակը տարբեր պետական միջոցառումներով բարձրացվի, որովհետև դա նաև մարդկանց ինտելեկտի մասին է խոսում: Փաստաբան Վարդանյանի պնդմամբ էլ  դա Փաստաբանների Պալատի հարցն է, և ժամանակն է, որ այդ պալատը փաստաբանների հարցին՝ պաշտանվածության առումով, անդրադառնա. «Բայց մյուս կողմից էլ պետք է ավելի խստացվի փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում կանոնակարգին հետևելը, որովհետև շատերը խախտում են դա: Ընդհանուր կասեմ, որ ոչ փաստաբանն  իրավունք ունի իրեն նույնականացնել  պաշտպանյալի հետ, ոչ էլ հակառակ կողմը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից