Բարի օր Իրավական Հարցազրույց 

Մարդասպանի պաշտոնյա կինն ամեն գնով փորձում է ազդել, լռեցնել ճշմարտությունը բացահայտողներին. Նարեկ Մալյանն իր նկատմամբ սկսված հետապնդման մասին

analitik.am

Արդեն մի քանի օր է, որ սոցցանցերում բուռն հասարակական բողոքի ալիք է բարձրացել՝ կապված մարդասպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու հետ: Հունվարի 14-ին էլ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացվեց, որին մասնակցում էին բժիշկներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլոք, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքին և պահանջում կառավարությունից ներում չշնորհել Մհեր Ենոքյանին:

Այս թեմայի հետ կապված բավականին բացահայտումներ է արել  գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, ով իր ՖԲ էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ սպանել է Իոսիֆ Աղաջանովին, այնուհետ Մալյանը փաստեր հրապարակեց այն մասին, որ Մհեր Ենոքյանի կինը, ով հանդես է եկել տարիներ շարունակ որպես անաչառ լրագրող, գրանտ է ստացել Սորոսի անվան Բաց հասարակությունների հիմնադրամից: Մալյանն իր էջում ներկայացրել է նաև մի շարք այլ փաստեր, որոնք մինչ օրս հայտնի չէին հասարակությանը:

Մհեր Ենոքյանի կինը՝ ով նաև զբաղեցնում է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության Հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ: Analitik.am- ը զրուցեց Նարեկ Մալյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հաղորդման մասին է խոսքը և ի՞նչ փուլում է  գտնվում գործընթացը:

Պարոն Մալյան, այսօր գնացե՞լ եք ոստիկանություն, ինչո՞ւմ են Ձեզ մեղադրում, գործ հարուցվե՞լ  է, թե՞ ոչ:

Դեռ չեմ գնացել ոստիկանություն, միայն հեռախոսազրույց եմ ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ: Հանցագործության մասին հաղորդումն ընդունելուց հետո գործը 10 օրվա ընթացքում պետք է հարուցեն: Մարդասպանի պաշտպանյալ կինը երեք տարբեր հանցակազմ պարունակող հանցանքներում է ինձ մեղադրել, որոնցից մեկում կար հոդված, որով մինչև 7 տարվա ազատազրկում է ինձ սպառնում:

Հաշվի առնելով այն, որ Զարուհի Մեջլումյանն այսօր պաշտոն է զբաղեցնում, հնարավոր համարո՞ւմ եք, որ ճնշում լինի իրավապահ համակարգի վրա և Ձեզ սկսեն հետապնդել:

Ոչ թե հնարավոր եմ համարում, այլ ֆիքսում և ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մարդասպանի կինը մեր երկրում, զբաղեցնելով որոշակի պաշտոն, ամեն գնով փորձում է ազդել և լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր կփորձեն բացահայտել ճշմարտությունն ու խոսել դրա մասին: Ի դեպ, ավելացնեմ, որ վստահ եմ՝ Զարուհի Մեջլումյանի կողմից պաշտոն  զբաղեցնելու նպատակն այն է, որ մարդկանց լռեցնելու համար օգտագործի պաշտոնական լծակները: Ժամանակին նա լրագրողի անվան տակ էր այդ գործունեությունն իրականացնում, իսկ հիմա արդեն պետական լծակներով է օժտված : Կարծում եմ, որ բարոյական կլիներ այն, որ այսքանից հետո Մեջլումյանն առժամանակ հեռանար պաշտոնից, սակայն նա կպել է այդ պաշտոնին և աթոռին, որովհետև այս պահի դրությամբ իր մարդասպան ամուսնուն բանտից զարտուղի ճանապարհներով դուրս բերելու իր միակ հնարավորությունը դա է:

Տեղեկացանք, որ սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը նույնպես Ձեր դեմ բողոք է ներկայացրել, ի՞նչ կասեք այս մասով:

Այդ մասով դեռ տեղեկություն չունեմ, եթե նույնիսկ ինչ-որ տեղ բողոքել են, թերևս, արձագանք չունեմ: Ծանոթ չեմ հանցագործության այդ հաղորդմանը: Ինչպես տեսնում եք՝ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, երբ մարդը կարող է լկտիորեն պահանջել, որ մարդասպանին ազատ արձակեն բանտից, իսկ մարդուն, ով ճշմարտությունն է բացահայտում՝ բանտարկեն: Ես շատ մարտական եմ տրամադրված, պատրաստ եմ նույնիսկ ազատազրկվել  և շատ նորմալ եմ դրան վերաբերվում: Այս ամեն ինչը գիտակցված եմ սկսել, ինձ համար անսպասելի չէր, որովհետև մարդասպանի կինն, առանց բացառության, ամեն ինչի ընդունակ է իր գերագույն նպատակին հասնելու համար՝ այսինքն ամեն քայլի ընդունակ է: Իսկ հիմա խորհրդակցում եմ իմ իրավաբանների հետ, որպեսզի պետական պաշտոնյայի կողմից սուտ մատնության հիմքով հասկանամ հակընդեմ հաղորդում ներկայացնելու նպատակահարմարությունը: Շատ հնարավոր է, որ այդ մասով էլ ես սկսեմ իրավական գործընթաց:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից