Հասարակություն 

Պատգամավոր Հայկ Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Խասկիներին պահում կառքեր քաշելու համար

analitik.am

Վերջերս համացանցում մեծ քննադատություն առաջացրեք «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանին վերարկուն, որը կարված էր կենդանու բնական մորթիով:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի 300 հազար դրամանոց հայտնի հագուստը կարելու համար օգտագործվել է բնական մորթի, ինչի մասին հայտնել է այն ստեղծող ընկերությունը: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում այսօր պայքար է մղվում բնական մորթու օգտագործման դեմ, և շատ հայտնի բրենդները հրաժարվել են դրանից:

Analitik.am-ը վերոնշյալ թեմայի մասին զրուցել է Դինգո թիմի կամավոր, կենդանիների պաշտպան Գոհար Մանուշակյանի և EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Թաշչյանի հետ:

Գոհար Մանուշակյանի խոսքերով, դա ոչ նորմալ երևույթ է . «Ցանկացած կենդանասպանություն ինձ համար աննորմալ երևույթ է, բայց առաջնային պետք է հասկանալ թե ինչ կենդանի է դա, որովհետև կենդանիներ կան, որոնց սպանությունն արգելված է այն պատճառով, որ նրանք գրանցված են կարմիր գրքում: Կարծում եմ նման հանրային մարդիկ պետք է շատ ավելի ուշադիր լինեն և զերծ մնան նմանատիպ բաներից: Հայկ Սարգսյանը վերջերս Ծաղկաձորում Խասկի շնատեսակների վիդեո էր հրապարակել, որտեղ երևում էր, որ կենդանիներին պահում են մարդկանց հատուկ կառքի վրա նստած քաշելու համար: Ինձ թվում է, որ նրանք լինելով հանրային մարդիկ, պետք է նման բաներ չանեն»:

Կենդանիների պաշտպանը կարծում է, որ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ պետք է նման գործունեություն ծավալել. «Ամռանը գնացել և խոսել ենք այդ պարկի սեփականատերերի հետ, ասել ենք, որ ամռանն առհասարակ չի կարելի շների այդ տեսակներին օգտագործել և առհասարակ Հայաստանում չի կարելի դա անել, բայց ինչպես տեսնում եք, ՀՀ-ում կենդանին ոչ մի տեղ չունի: Պարզապես մեր երկրում չկան այնպիսի մարմիններ, ովքեր պետք է զբաղվեն այդ ամեն ինչով, իսկ Բնապահպանության նախարարությունը չգիտեմ ինչ է մտածում այդ ուղղությամբ, որովհետև ՖԲ էջում գրեթե ամեն օր նմանատիպ բաներ ենք տեղադրում՝ որսը ոչ թույլատրելի վայրերում և ոչ թույլատրելի կենդանիների սպանությունը, բայց ինչպես հասկացաք, ոչ մի արձագանք չի լինում»:

Իսկ Մարիամ Թաշչյանը, ով EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիրն է, ասաց, որ մեր հասարակությունը շատ հեռու է այն գիտակցությունից, որ կենդանիներին պետք չէ նման ձևով շահագործել. «Դեմ եմ այդ երևույթին և ինքս փորձում եմ չօգտվել և չօգտագործել նման բաներ, նույնն էլ խորհուրդ եմ տալիս իմ մտերիմներին:

Այդ տեսանյութն իմ ու բազմաթիվ կենդանասերների վրդովմունքն առաջացրեց, որովհետև ընդունելի է, որ պատգամավորը կարող է ոլորտային գիտելիքներ չունենալ, բայց գնալ, տեսնել, թե կենդանիներն ինչ վիճակում են գտնվում, ինչ վնասվածքներ ունեն, որոնք հավանաբար ստացել են մարդու կողմից անխնա շահագործվելու հետևանքով, նկարել այդ ցավալի տեսարանը և ներկայացնել որպես դրական երևույթ, այսպես ասած՝ քարոզ անել, չի կարելի: Կարծում եմ, առաջին հերթին հանրային դեմքերը պետք է ուշադիր լինեն ու թույլ չտան նման երևույթներ, ոչ թե դեռ արհամարեն իրենց իսկ երկրի քաղաքացիների կարծիքն ու վրդովմունքը: Երբ այդ տեսանյութը հրապարակվեց, ես և բազմաթիվ կենդանասերներ մեկնաբանությունների տեսքով արտահայտեցինք մեր կարծիքը և սպասում էինք նրա կողմից որևէ արձագանքի:

ՀՀ քաղաքացիների բարձրացրած հարցը այդպես էլ մնաց անպատասխան պատգամավորի կողմից, ինչը ինձ համար ընդունելի չէ: Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաև ամիսներ առաջ, երբ Նաիրի Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում բեռնել էր տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը «սիրում է» արջի երկու քոթոթի: Կրկին ընդունում եմ, որ միգուցե մարդիկ չեն գիտակցել, թե դա ինչ լուրջ խնդիր է և ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց կրկին բացասական քարոզ էր:

Ճիշտ է, մեր երկրում կենդանապաշտպանության ոլորտում լրջագույն բացեր կան նաև օրենսդրական մակարդակով, այսինքն՝ չկան պատշաճ օրենքներ, չկա համապատասխան վերահսկողություն, կենդանիների բարեկեցության մասին խոսելն անգամ դեռ վաղ է, բայց այս ուղղությամբ մեր, տարբեր միջազգային կազմակերպությունների, կենդանասերների կողմից տարիներ շարունակ հսկայական աշխատանքներ են տարվել հասարակության շրջանում կենդանիների նկատմամբ վերաբերմունք փոխելու և ճիշտ մոտեցումներ ձևավորելու, ու հանկարծ՝ այսպիսի տեսանյութեր:

Այսպիսի վերաբերմունքն ինձ համար ընդհանրապես ընդունելի չէ, հատկապես այն դեպքում, որ այժմ նաև պետական կառույցների, նույն Հայկ Սարգսյանի թիմակիցների հետ միասին աշխատանքներ են տարվում ոլորտում բարեփոխումներ անելու ուղղությամբ: Մարդիկ աշխատում են, ինչը ողջունելի է և չեմ կարող հերքել ու այս պարագայում նման վերաբերմունքով Հայկ Սարգսյանը հարվածի տակ է դնում նաև սեփական թիմակիցներին ու նրանց կատարած աշխատանքը: Ընդ որում, կենդանիներին վերաբերող ոլորտային խնդիրները, իմ պատկերացմամբ, դուրս են քաղաքականությունից և արագ լուծելի են, ցանկության և աշխատանք տանելու դեպքում»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից