Գլխավոր Քաղաքականություն 

Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպումը հակասության մեջ չէ Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ. Ռուբինյան

analitik.am

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ուժի մեջ են, Հայաստանը չի հրաժարվել այդ օրակարգից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Իմ քայլը  խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Ինչ վերաբերում է Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի հանդիպմանը, ապա Ռուբինյանի խոսքերով, այն հակասության մեջ չէ վերոնշյալ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ. «Ըստ էության, խնդիրն այն է, որպեսզի բացառվեն բախումները և սրացումներն առաջնագծում: Ըստ էության, այդ զրույցի արդյունքում կողմերի միջև հատուկ կապ ստեղծվեց, ինչրը հնարավորություն տվեց առնվազն այս փուլում նվազեցնել լարվածությունը»:

Ռուբինյանը խոսեց նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարության մասին, որ իրենք սպասում են Փաշինյանի՝ ուժեղ մանդատ ստանալուն, որպեսզի վերջինս վճռորոշ քայլերի գնա Արցախի հարցում: ԱԳ նախկին փոխնախարարի խոսքերով, հարցն իրեն չպետք է ուղղել, տրամաբանական չի լինի, եթե ինքը փորձի գուշակել, թե ինչ է նկատի ունեցել այլ պետության ներկայացուցիչը. «Մենք ունենք ուժեղ մանդատ, առաջնորդվելու ենք ՀՀ շահերով և ՀՀ ժողովրդի որոշումներով: Առանց ժողովրդի համաձայնության, չպետք է կտրուկ արտաքին քաղաքական որոշումներ կայացվեն»:

Ինչ վերաբերում է ԼՀ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչ են բանակցում Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, Ռուբինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո առաջին խնդիրը բուն բանակցությունների շարունակականությունը կամ ռեստարտն ապահովելն է եղել. «Մենք հեղափոխության ժամանակ, երբ նշում էինք, որև կտրուկ փոփոխություններ չեն լինելու արտաքին քաղաքականության մեջ, նկատի ունեինք նաև ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը: Բայց կարող եմ ասել, որ որևիցե կարևոր, բովանդակային փուլ բանակցությունների առումով չի սկսվել, հետևաբար չեմ կարող նշանակալի մանրամասնություններ հայտնել արտգործնախարարների մակարդակում հանդիպումներից»:

 

Նույն շարքից