Հասարակություն 

Կորյուն Խաչատուրյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նոր ղեկավարն է

analitik.am

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։

Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։

«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը։

Նորանշանակ գործադիր տնօրենը անմիջապես հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Գարո Արմենին։ Դ-ր Արմենը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։

«Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տիրապետման ու նորարարության շնորհիվ կառուցվելու է ուժեղ համայնք, գրանցվելու է տնտեսական աճ, և առաջընթաց է ապահովվելու մեր շահառու համայնքներում իրագոծվող ծրագրերի համար,- նշում է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենը։- Հետամուտ լինելով 2018 թվականի գալա-դրամահավաքին հանգանակված 4 միլիոն ԱՄՆ դոլարին՝ մենք բազմաթիվ անելիքներ ունենք ու հաշվետու ենք դրա համար։ Ուրախ եմ, որ Կորյունը՝ իր անցած ճանապարհով ու հաջողություններով,  միանում է ՔՈԱՖ-ի մեր թիմին և օգնելու է իրականացնել հաջորդ սերնդին զորավիգ լինելու հավակնոտ առաքելությունը»։

 

Նույն շարքից