Հայաստան 

Քոչարյանի վերադարձը վարչապետի պաշտոնում անընդունելի տարբերակ է. ՀԺԿ քարտուղար

analitik.am

Վարչապետ փոխելով՝ ոչինչ չի փոխվում, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այս մասին ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա  Տիգրան Սարգսյանի հրաժարականը նորմալ է  գնահատում: «Ինձ համար վարչապետի փոփոխությունը առաջնային խնդիր չէ, դա իշխանափոխության փուլերից մեկն է, մի փոքր մասը կարելի է համարել: Իսկ երկրում որեւէ բան փոխելու համար, իհարկե, անհատներից շատ բան է կախված, բայց ոչ մեր իրականության մեջ, մեզ մոտ պետք են համակարգային փոփոխություններ, պետք է օրինական ձեւավորված իշխանություն լինի»,- նշեց նա:

Թե ինչն էր վարչապետի փոփոխության պատճառը, Գրիգոր Հարությունյանն ասաց, թե դրան նպաստել են թե ՍԴ-ի որոշումը «Կուտակային կենսաթոշակների օրենքի» մասին, թե երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, թե խորհրդարանական եւ արտախորհրդական ուժերի համագործակցությունը: «Ինձ համար որեւէ տարբերություն չկա, թե ով կլինի, դա ոչինչ չի փոխում: Տիգրան Սարգսյան կլինի, թե Պողոս-Պետրոս, ոչինչ չի փոխում, եթե համակարգային փոփոխություններ չեն լինում եւ վարչապետին չի առաջադրում եւ հաստատում օրինական իշխանությունը»,-նշեց ՀԺԿ քարտուղարը:

Նա չի պատկերացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը վարչապետի պաշտոնում, ավելին՝ իրենց կուսակցության եւ առհասարակ հասարակության համար դա լրիվ անընդունելի տարբերակ է համարում, «ինչի՞ մասին է խոսքը, նրա ժամանակ եղել է  Հոկտեմբերի 27, նրա կարգադրությմամբ Մարտի 1 է եղել»:

Գրիգոր Հարությունյանը շեշտեց, որ այժմ բոլորը, այդ թվում՝ խորհրդարանական եւ արտախորհրդանական ուժերը մեկ խնդիր ունեն՝ երկրում օրինական իշխանության ձեւավորում:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից