Հայաստան 

Մյուսների պես պայծառատես չեմ, և ինձ համար ոչ թե սպասելի էր, այլ անսպասելի էր. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ վարչապետի հրաժարականի մասին

analitik.am

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հրաժարականն անսպասելի էր:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մեծ փոփոխությունների նախաշեմին ենք: Մյուսների պես պայծառատես չեմ, և ինձ համար ոչ թե սպասելի էր, այլ անսպասելի էր: Մոդա է ասել՝ սպասելի էր: Սպասելի չէր, և դա ցույց է տալիս, որ կան ընդհատակյա գործընթացներ, կան ճաքեր, եթե քաղաքական և քաղաքացիական դաշտը միանա, մենք կունենանք մեծ փոփոխություններ մոտ ապագայում»,-այսօր մի խումբ լրագրողների ասաց նա:

Հարցին, թե վարչապետի հրաժարականն ինչպե՞ս կանդրադառնա քառյակի հետագա գործունեության վրա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը քիչ անց՝ խորհրդարանական չորս ուժերի հետ հանդիպումից հետո կխոսի: Իսկ թե ով կլինի վարչապետի հաջորդ թեկնածուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դա իրեն չպետք է հարցնել: «Մենք կարծում ենք՝ այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի»,- ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ ինքն այսօր հավաքներ է անցկացնելու Վանաձորում և Գյումրիում, որտեղ հայտարարությամբ հանդես կգա և ավելի մանրամասն կխոսի վարչապետի հրաժարականի մասին:

Նույն շարքից