Հայաստան 

ՀՀԿ-ն կարող է «շռայլություն» թույլ տալ և վարչապետի պաշտոնը վստահել ոչ ՀՀԿ-ականի. Արմեն Աշոտյան

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի արդեն պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Տարազ Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին խոստովանելով, որ հրաժարականի մասին իրենք էլ տեղեկացված չէին։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀԿ-ն կարող է իրեն թույլ տալ «շռայլություն»՝ վարչապետի պաշտոնը վստահելով ոչ ՀՀԿ-ական թեկնածուի, բայց ՀՀԿ մեծամասնության մաս կազմող մարդկանց։

«Ես տեղյակ չէի, բնականաբար, նման հարցերում վարչապետը որևէ պարտավորություն չունի տեղյակ պահելու նախարարներին և կարծում եմ, որ բնական գործընթաց է, որ կառավարությունները գալիս են, աշխատում են և գնում են»,- ասաց նա և ընդգծեց, որ վարչապետի հրաժարականը ապացույցն է այն բանի, որ Կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և նախագահի որոշումից։

Հարցին, թե ում է տեսնում ապագա վարչապետ, նախարարի պաշտոնակատարը, ով, ի դեպ, դեռևս տեղյակ չէր, թե նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է վարչապետի հրաժարականի դիմումը թե ոչ, հստակեցնելու համար պաշտոնակատար է, թե ոչ, նշեց, որ ապագա թեկնածու տեսնում է մի շարք արժանի մարդկանց, իսկ թե ովքեր են նրանք, նախընտրեց անուններ չհրապարակել։

«Ես տեսնում եմ մի շարք արժանավոր մարդկանց, որոնց կարող է քաղաքական մեծամասնությունը վստահել Կառավարութան կազմավորումը և երկրի հետագա զարգացման ծրագերի մշակումը»,-ասաց նա։

Ճշտող հարցին, իսկ նա տեսնում է, որ նոր վարչապետ կարող է նշանակվել ոչ ՀՀԿ-ից, Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն հանդիսանալով երկրի քաղաքական համակարգի առանցքը, ողնաշարը, հիմնական շարժիչ ուժը, իրեն կարող է թույլ տալ նման տեսակի «շռայլություններ», այո՛, վստահելով ոչ հանրապետական, բայց ՀՀԿ մեծամասնության մաս կազմող մարդկանց»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ արդեն իսկ արձագանքներ կան, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակի հաղթանակի առաջին քայլն էր, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Որքանով որ ես եմ տեղյակ, մեր երեկվա նիստն իր արդյունքով բուռն անակնկալ էր նաև, այսպես կոչված, քառյակին և ինչպես հասկացա, որ իրենք այն բոլոր թղթերը, որ գրել էին ու ջնջել էին մոտակա ամիսների համար՝ քաղաքական գործողությունների մշակումներ, պլաններ, ստիպված են գցել աղբարկղ, որովհետև ակնհայտ էր, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան քառյակի որոշումն էր, որ փորձում են հասնել իշխանության ծրագրերին»։

Ի պատասխան հարցի, թե հետագայում իրեն որտեղ է տեսնում Արմեն Աշոտյանը նշեց. «Ինձ տեսնում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում և դա բավարար է, որ դուք ինձանից պրծում չունենաք»։

Արմեն Աշոտյանը գնահատեց այն տարիները, որոնք աշխատել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ նախարարներից առաջինը կհեռանա վարչապետի քաղաքական թիմը, այդ թվում 
նաև ինքը՝ Արմեն Աշոտյանը։

«Ես Հանրապետական թիմից եմ և խորին հարգանք ունեմ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, շատ բարձր եմ գնահատում այն հինգ տարիները, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել ԿԳ նախարար՝ հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որ Տիգրան Սարգսյանն ունի կրթության ոլորտի նկատմամբ, իր հետ հեշտ և դժվար էր միաժամանակ, հեշտ էր, որովհետև հնարավոր էր կոնստրուկտիվ դաշտում խնդիրները քննարկել ու լուծել, դժվար էր, քանի որ նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ»,-նշեց նա։

Նույն շարքից