Գլխավոր Հասարակություն 

Սա հո թաղման բյուրո չէ՞, որ ամեն մահացածի մասին լուրեր տանք. Ինչո՞ւ են մահացած երեխաների մասին լուրերը թաքցվում

analitik.am

Երեկ՝ հունվարի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 6 ամսական երեխա է մահացել: Մահացածի բարեկամներից Ռոբերտ Գևորգյանն  այս մասին գրառում էր կատարել իր ՖԲ էջում՝ նշելով, որ ամեն հիվանդանոցում օրը 3 երեխա է մահանում:

Նշենք նաև, որ «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ում օրեր առաջ ևս մեկ երեխա էր մահացել:

 Analitik.am-ի հետ զրույցում Ռոբերտ Գևորգյանն ասաց, որ հիվանդանոցում չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ցույց տալ. «Երբ երեխային տեղափոխեցինք հիվանդանոց , սկզբից  չէին ուզում տիրություն անեին, բայց հետո Իսպանիայի  մեր բարեկամներից մեկը զանգել էր Առողջապահության նախարարություն, գոռգռացել և դրանից հետո միայն բժիշկները սկսել են խառնվել: Անիմաստ դեղերի անուններ են ասում, որոնք Հայաստանում չկա ու այդ դեղերն էլ մինչև զակազ ենք տալիս, արդեն շատ ուշ է լինում»:

Նա նաև  նշեց , որ մինչև հիմա երեխայի մահանալու պատճառը բժիշկները չեն ասել. «Երեխային տաքությունով բերել ենք հիվանդանոց, ոչ կարողացել են կյանքը փրկել, ոչ էլ ասում են՝ ինչից է այդպես եղել: Անընդհատ ասում են այս դեղը բերեք, այն դեղը բերեք ու դրանցից ոչ մեկը Հայաստանում չկա, իսկ դեղը գտնելուց հետո, մինչև եկավ հասավ մեզ, երեխան մահացավ: Բժիշկները ծնողներին ասել էին՝ լավ կլինի, հետո ասել էին՝ չգիտենք՝ ինչ է, հետո ասել են՝ կդզվի էլի ու այս 2-3 օրն անորոշ վիճակ էր: Երեխան 2 օր անշարժ պառկել է, իսկ 3-րդ օրը մահացել : Ցավալին այն է, որ միայն մեր երեխայի մասին չէ խոսքը, սա էլ երեխաների մահվան արդեն որերորդ դեպքն է ու Առողջապահության նախարարությունից ոչ մի բան չեն անում, իրանց մոտ լրիվ քնած վիճակ է: Ո՞ւմ էր պետք այս ամեն ինչը, որ պետք է այսքան վատ լիներ, գոնե լուսաբանեն, մի խորհուրդ տան, կանխեին վտանգը»:

Խնդրի մասին լիարժեք իրազեկ լինելու համար զրուցեցինք նաև «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ, ով շատ վատ արձագանքեց մահվան դեպքերը մեկնաբանելուն. «Սա մահվան բյուրո չէ, որ ամեն մահվան դեպքի մասին հայտնենք ու խոսենք»: Բավականին երկար համոզելուց հետո պարոն Դալլաքյանն ասաց, որ 3 օր առաջ 6 ամսական երեխային 39 աստիճան ջերմությունով և պարալիզված  բերել են  հիվանդանոց. «Ամենաբարձր մակարդակով հետազոտություններ է արվել, բայց ոչ մի գրիպի վիրուս չի հայտնաբերվել: Սա ոչ խոզի գրիպ է, ոչ էլ ուրիշ ինչ-որ բան, ուղեղի և ողնուղեղի ծանր վիրուսային ախտահարում է՝ էցեֆալիտ, դրա համար բոլոր մկանները պարալիզված են եղել, իսկ երեխան էլ 3 օր արհեստական շնչառության ապարատների վրա էր, որից հետո մահացել է»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն հիվանդանոցում մահացել էր նաև Խարբերդի մանկատան մի երեխա: Այս դեպքի  մասով  հիվանդանոցի տնօրենն ասաց, որ երեխան ծանր ԴՑՊ-ով տեղափոխվել է իրենց մոտ. «Սա բացարձակ գրիպ չի և երեխաներից  ոչ մեկի, ոչ էլ մյուսի մոտ գրիպ չի հայտնաբերվել: Սա հո թաղման բյուրո չէ՞, որ ամեն մահացածի մասին լուրեր տանք»:

Նշենք նաև, որ «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող ծայրահեղ ծանր երեխաների ծնողների հետ զրուցելու համար հիվանդանոցի տնօրեն պարոն Դալլաքյանն ասաց, որ գնանք ընդունարան, որտեղից էլ մեզ կուղեկցեն վերակենդանացման բաժանմունք: Սակայն, վերակենդանացման բաժանմունքում, մինչ բաժանմունքի վարիչին՝ Աննա Չոբանյանին սպասելը, ով նաև հանդիսանում էր 6 ամսական մահացած երեխային բուժող բժիշկը, հանկարծակի հայտնվեց պարոն Դալլաքյանը և խիստ վրդովված ու շատ բարձր ձայնով՝ բոլորի ներկայությամբ մեզ դուրս հրավիրեց բաժանմունքից՝ չթողնելով, որ խոսենք ոչ ծնողների, ոչ էլ բաժանմունքի ղեկավարի հետ: Նա նաև ասաց, որ արդեն պատասխանել է մեր բոլոր հարցերին. «Բավարարվեք իմ պատասխաններով, սա ձեր համար բազառ չէ»:

Նշենք նաև, որ այսօր Analitik.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի 128 դպրոցի 3Բ դասարանի երեխաներին արգելել են մեկ շաբաթ  հաճախել դպրոց, քանի որ  դասարանում սովորող տղաներից մեկի մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որն, ինչպես ասել են ծնողներին, կարող է խոզի գրիպ լինել: Ծնողներին արգելել են այս մասին որևէ տեղեկություն տարածել:

Analitik.am-ը փորձեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ , սակայն այնտեղ որևէ մեկի հետ կապ հաստատել ոչ մի կերպ չի ստացվում:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից