Հայաստան 

Վարչապետի հրաժարականը պարտադրված էր. Լյուդմիլա Սարգսյան

analitik.am

Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «պարտադրված» է հրաժարական տվել, ինչքան էլ կներկայացնեն, թե մեկ ամիս առաջ է նման որոշում կայացրել: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:


«Պարտադրված հրաժարական է, որը պարտադրված է եղել Բաղրամյան 26-ից: Երեկ առավոտյան կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը չի էլ իմացել, որ հրաժարական է տալու նույն օրը»,- ասաց պատգամավորը:


Խոսելով պատճառների մասին՝ Լյուդմիլա Սարգսյանը ընդգծեց, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի եւ «Դեմ եմ» շարժման ճնշումներն են ազդել նման որոշման վրա:


«Հայաստանում տեղի ունեցող ձախողումները, այդ թվում տնտեսականը, կապ չունեն Տիգրան Սարգսյանի հետ: Իրական մեղավորը Սերժ Սարգսյանն է, իսկ մեր խմբակցության հիմնական նպատակը մնում է ընդհանուր իշխանափոխությունը»,- ավելացրեց պատգամավորը:


Հարցին, թե ինչ է պատրաստվում անել քառյակը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Երեկվա օրը մեզ համար անսպասելի էր, սակայն ես հակված եմ նրան, որ մեր ծրագրերը չեն փոխվի: Մեր ծրագրերի առաջին քայլը Սերժ Սարգսյանը մի գրչով կատարեց, Սերժ Սարգսյանն օգնեց մեզ, որ առաջին փուլից մենք անցանք հաջորդ փուլ, այսինքն շարունակելու ենք պայքարել եւ հասնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների»:


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը շնորհավորեց հայ ժողովրդին Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ:


Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից