Խորհրդարանը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը: Այս պահին քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը, թեկնածուն ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:
Հարցի քննարկման ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, դիմելով հանձնաժողովի նախագահի թեկնախու Նաիրա Զոհրաբյանին, ցանկացավ իմանալ, գոհ է արդյո՞ք վերջինս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակից և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից:
Մարդու իրավունքների պաշտպանվածությունից Զոհրաբյանն իհարկե գոհ չէ: Նրա խոսքերով, ինքն այսօր տասնյակ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք չեն վստահում դատարաններին, նաև վախենում են, քանի որ վստահ են՝ անմեղներն են պատժվելու:
Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի աշխատանքից գոհ լինել-չլինելուն, Զոհրաբյանն ասաց, որ վերջինիս հետ բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացրել: Իր խոսքում պատգամավորը խոսեց նաև Նուբարաշենի ՔԿՀ-ի մասին՝ հայտարարելով, որ այն պետք է փակվի, քանի որ այնտեղ մտնել հնարավոր չէ, այն Օսվենցիմից վատն է: Զոհրաբյանն ասաց, որ նախաձեռնելու է ՔԿՀ-ն փակելու գործընթացը:
Իր հերթին Բաղդասարյանն առաջարկեց Նուբարաշենի ՔԿՀ-ն թանգարանի վերածել, ինչին Զոհրաբյանը իր համաձայնությամբ պատասխանեց: