Հայաստան 

Լյուդմիլա Սարգսյանն անհավանական է համարում Քոչարյանի վերադարձը

analitik.am

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անհավանական է համարում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ վարչապետ:


«Կարճ պատասխանեմ` անհավանական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը վարչապետի տեսքով»,- այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:


Լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություն կան այն մասին, որ ԲՀԿ-ն ցանկանում է վարչապետ դարձնել Ռոբերտ Քոչարյանին, Լյուդմիլա Սարգսյանն ընդգծեց. «Ուզում եմ հավատալ, որ ԲՀԿ-ն չի գայթակղվի այդ պաշտոնով, հակված եմ մտածելու, որ երկրում ցանկացած բարեփոխում կարող է ապահովել միայն ամբողջական իշխանափոխության հետ»:


Լրագրողների հարցին, թե հնարավոր է նոր վարչապետը լինի խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ուզում մտածել, որ նոր վարչապետը կլինի քառյակից: Հույս ունեմ, որ մենք գնալու ենք վերջնական արդյունքի` ընդհանուր իշխանափոխության»:


Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից