Հայաստան 

Գալուստ Սահակյանը լրագրողներին հորդորեց չփորձել ներքին «кухня» մտնել

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությանն ավելացնելու նոր բան չունի և վարչապետի հրաժարականի թեմայով լրագրողներին հորդորեց չփորձել ներքին «кухня» մտնել։

Հարցին, թե ամեն դեպքում հաջորդ վարչապետը հանրապետակա՞ն է լինելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այդպես գործելն ավելի տրամաբանական կլիներ, սակայն գերխնդիրն այն է, որ իրենց ռազմավարության իրականացնող թեկնածու լինի։ Մինչդեռ նա նշեց, որ իրենք դեռևս չեն քննարկել, թե ով է լինելու ՀՀ նոր վարչապետը: «Նախ և առաջ ՀՀ նախագահը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի ԱԺ-ը ներկայացնող քաղաքական ուժերի հետ, նոր դրանից հետո արդեն կկողմնորոշվենք»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկնեց, որ վարչապետի որոշումը անձնական է եղել, որը հարգվել է իրենց կողմից: «Միշտ պետք է մտածենք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը դա վարչապետի պաշտոնն է, և կարծում եմ՝ այս վեց տարիների ընթացքում աշխատանքի տեսանկյունից ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր և բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետևանքն է»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, թե իր կարծիքով վարչապետի հրաժարականի պատճառն այն էր, որ նա վեց տարի աշխատել է և հիմա բարեկիրթ ձևով հայտարարեց, որ այլևս չի ցանկանում աշխատել և իր կամքով հրաժարական տվեց:

Լրագրողներից մեկի հարցին, թե կկարողանա՞ նոր վարչապետը երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից ու մեղմել հասարակության դժգոհությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ճգնաժամային վիճակ կա, որ նոր վարչապետն էլ հանի այդ վիճակից: Նոր վարչապետը պետք է շարունակի այն ծրագրերը, ինչը որ այսօրվա կառավարությունն իրականացնում է»:

Նույն շարքից