Հայաստան 

«Հայկական ժամանակ». Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետացուների ցանկը երեկ գնալով փոքրանում էր։ Հավանական թեկնածուների ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից հերքում էին տվյալ անձի նշանակման հնարավորությունը։ Եվ միայն տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը։

Երեկ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ ապագա վարչապետի թեկնածությունը։ Ենթադրվում է, սակայն, Սարգսյանը որոշումն արդեն ունի եւ մնում է այն հրապարակի, ինչը պետք է անի մինչեւ ապրիլի 14-ը։

Մինչ ՀՀ ապագա վարչապետի անունը կհրապարակվի, թերեւս բոլորի մոտ անպատասխան է մնում հարցը՝ ինչու հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը։

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է նախօրեին՝ ժամը 17-18-ի սահմաններում։ Մինչ այդ նա աշխատանքային հանդիպումներ է նշանակելիս եղել առաջիկա օրերի համար։ Նույն աղբյուրները հայտնում են, որ նախօրեի նիստից առաջ Տիգրան Սարգսյանին ինչ-որ բան են ասել, բայց ոչ հստակ ու թերեւս դրանով էր պայմանավորված նիստի ընթացքում նրա նյարդային հայտնի պոռթկումը կառավարության աշխատանքների ոչ լիարժեք ներկայացման համար։

Մեր աղբյուրները հայտնում են, որ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները եւս վերջին պահին են իմացել նորությունը՝ սկսած ԱԺ նախագահից, վերջացրած նախարարներով ու մյուսներով։
Եվ ուրեմն ինչն էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը։ Քաղաքական դաշտի մի ստվար հատված պնդում է, թե հրաժարականը պայմանավորված էր «Կուտակային կենսաթոշակների մասին»  հակասահմանադրական օրենքի, ՍԴ որոշման եւ կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ Տիգրան Սարգսյանի հնամենի կապերով, ինչը նոր է բացահայտվել։ Սկանդալային այս պատմությունը, ըստ նույն աղբյուրների, վերջին կաթիլն է եղել օֆշորային սկանդալի, «Նաիրիտի» թալանի,  ատկատների  եւ աղմկահարույց այլ պատմությունների մեջ։ 
ԱԺ ոչ իշխանական քառյակն էլ պնդում է, որ վարչապետի հրաժարականը կապված էր ապրիլի 28-ի ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի հետ։ Քաղաքական գործիչների մի հատվածն էլ վստահ է, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը Կրեմլի պարտադրանքն էր»։

Նույն շարքից