Տնտեսական հարցերի և ներդրումների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը համաձայն չէ ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարության մասին, որ տնտեսական հեղափոխություն ասվածը սխալ է և անհնար:
Պարոն Թունյանի խոսքերով, կարևոր է հասկանալ, թե ինչ է հասկացվում տնտեսական հեղափոխություն ասելով. «Եթե Դուք նկատի ունեք զուտ դասական առումով, օրինակ պլանային տնտեսությունից անցում շուկայականին, ապա այդ առումով մենք չենք խոսում: Մենք ավելի շատ խոսում ենք տնտեսության որակի, կառուցվածքի ու տրամաբանության արմատական փոփոխությունների մասին, ինչը ոչ միայն անհնար չէ, այլ նաև անխուսափելի է»:
Իմ քայլը խմբակցության պատգամավորը համաձայն է, որ միայն կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարելով հնարավոր չէ լուրջ փոփոխությունների հասնել. «Դրա համար անհրաժեշտ է քայելրի ամբողջականություն, այն քննարկելու առիթներ կլինեն: Միայն կարող եմ ասել, որ ինձ համար տնտեսական վերափոխումների կամ հեղափոխության ամենակարևոր գործոնն աշխատանքն է, պատասխանատու աշխատանքը: Մենք խոսում ենք արդյունավետությունից, բայց տեսեք, մենք արդեն այսօր 5-րդ օրն է քննարկում ենք հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցը: Ես երեկ իմացա, որ այսպիսի երկար քննարկում չի եղել: Զուտ ժամանակի խնայողության տեսնակյունից ահագին անարդյունավետ ենք աշխատել: Իհարկե դա իր պլյուսներն ունի՝ ծանոթանում ենք տեսակետներին, սակայն այստեղ հնչող հարցերը հետո էլ կարող էին հնչել: Հույս ունեմ, որ գոնե այսօր այս հարցը կվերջանցնենք և կանցնենք մեր բուն աշխատանքին»: