Այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին, հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն են որոշելու, թե որ քաղաքական ուժն է լինելու իշխանությունը, չի բացառում, որ դա կլինեն իրենք, կամ չեն լինի իրենք:
Ինչ վերաբերում է Մարգարյանի խոսքերին, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում լուծել հարցեր, որոնց համար սկսվել է շարժումը, Միրզոյանը նշեց, որ չի կիսում այդ տեսակետը:
Միրզոյանի խոսքերով, տարիներ շարունակ Հայաստանում եղել են արդարության, սոցիալական և տնտեսական խնդիրներ, որոնք էլ հասունացրեցին հեղափոխությունը. «ՀՀ այսօրվա իշխանությունները լուծել են իրենց առաջին մարտահրավերը՝ ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Կա բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը, որը պետք է հիմնականում վերաբերի տնտեսությանը, սոցիալական ոլորտին, որտեղ մեր իշխանությունը նոր-նոր պետք է սկսի քայլեր ձեռնարկել: Բոլոր հոռետեսական գնահատականները չեմ կիսում»: