Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի երեխաները այսուհետ կհաճախեն վերանորոգված մանկապարտեզ: 1984թ-ին կառուցված քաղաքի թիվ 2-ը մանկապարտեզը վերջերս է վերանորոգվել՝ պետական բյուջեից 41 մլն դրամ հատկացման, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամից հատկացված միջոցներով: Մանկապարտեզում կատարված աշխատանքներին հետ այսօր ծանոթացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Տավուշի մարզում է գտնվում աշխատանքային այցով:
Մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախկինում մանկապարտեզը անբարենպաստ վիճակում էր, իսկ այժմ կան բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են փոքրիկներին հավուր պատշաճի դիմավորելու և ճանապարհելու համար:
«Հիմա նպաստավոր պայմաններ են ստեղծվել երեխաների ֆիզիկական և կրթական բարձր մակարդակով դաստիարակությունն ապահովելու համար: Նախկինում լոկալ ջեռուցում չկար, փայտի վառարաններով էինք տաքացնում, մենք առավոտյան 6-ին գալիս էինք վառարանները վառում, որ երեխաները գան չմրսեն: Այժմ լոկալ ջեռուցում է, պայմանները շատ լավն են, վերանորոգված է, ունենք նոր գույք»,- ասաց նա և տեղեկացրեց, որ մանկապարտեզ է հաճախում 206 երեխա:
Բերդում նախագահն այցելեց նաև քաղաքում կառուցվող Սուրբ Գևորգ եկեղեցու շինհրապարակ: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամը, շուրջ 100 տարի քաղաքը չունի հոգևոր տուն:
«Չափազանց կարևոր է, որ Հայաստան աշխարհի հյուսիս-արևելյան դարպասն ունենա նաև իր հոգևոր տունը: Այստեղ ապրող մարդիկ մինչ այժմ զրկված էին դրանից: Ժամանակին քաղաքը 3 եկեղեցի է ունեցել, ամենամեծը եղել է Սուրբ Գևորգը՝ կառուցված 1680-ին: Ցավոք, աստվածամերժության տարիներին չխնայեցին: Հիմա արդեն երկու տարի է Վեհափառ հայրապետի օրհնությամբ սկսել են Բերդի եկեղեցու շինարարությունը և արդեն ավարտական փուլում ենք: Մայիսի վերջին շինարարական աշխատանքները կավարտենք և Վեհափառը կորոշի օծման օրը»,- ասաց Տեր Արամը և ընդգծեց, որ եկեղեցին ոչ միայն հոգևոր տուն է, այլ նաև հոգևոր միջնաբերդ, որը պետք է այս սահմաններում կանգուն լինի և ցույց տա, որ հայերը միշտ լինելու են այստեղ:
Նախագահը Բերդում ծանոթացավ նաև բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին: Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի իրականացման համար, ընդհանուր առմամբ, նախատեսված է 670 մլն դրամ:
«Հիվանդանոցում, ընդհանուր առմամբ, 35 մահճակալ է նախատեսված, ունի ամբուլատոր մաս և ստացիոնար մաս, ունի նաև շտապօգնություն: Համաձայն նախնական պլանավորման՝ օգոստոսին պետք է ավարտվեն աշխատանքները: Համապատասխան սարքավորումները պետք է ձեռք բերենք համաշխարհային բանկի միջոցներով, որոնք կլինեն բարձր որակի ապարատուրաներ»,- ասաց նա: