Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանում չկա իրական ընդդիմություն. ՀՀԿ-ն չի փոշմանել ընտրություններին մասնակցելու համար

Հանրապետականը չի փոշմանել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որի արդյունքում չհաղթահարեց 5 տոկոսի շեմը և չհայտնվեց ԱԺ-ում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հանրապետականն այս խայտառակ ճնշումներով, ատելությամբ լի, իշխանության կողմից հակահանրապետական հակաքարոզչության պայմաններում, Փաշինյանի կողմից կազմակերպած ընտրություններում գրավել է 4-րդ տեղ, այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցում էր 11 ուժ և այն պայմաններում, երբ Հայաստանում բոլոր մաշված քաղաքական աբլիգացիաները քննադատում էին Հանրապետականին, որ ձայն չունենք: Բա ինչի հիմա ձայները չի լսվում: Հանրապետականին ձայն է տվել 60 հազար մարդ, այդ բանակն ավելանալու է: Ես դեռ դեկտեմբերի 10-ին ասել եմ, որ այդ օրը ՀՀԿ-ի վերածննդի օրն է, այսօր էլ ՀՀԿ-ն ապացուցեց, որ իշխանափոխությունից 9 ամիս անց կայացած կառույց է, ունի ասելիք ու անելիք, ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի»,-նշեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը խոսեց նաև կայանալիք օպտիմալացման մասին՝ հայտարարելով, որ դրան զուգահեռ իշխանություններն իրենց գործընկերների համար երկու նոր հանձնաժողովն են ստեղծում խորհրդարանում. «Այս խորհրդարանն առանց իրական ընդդիմության խորհրդարան է: Սա ասել են նաև բազմաթիվ գործիչներ, ովքեր Հանրապետականին դեմ են: Իսկ օպտիմալացումը խայտառակություն է, վայրի օպտիմալացումը՝ առավել ևս: Խայտառակություն է նաև բոլոր այն խոստումների դրժումը, որը տվել է մեր իշխանությունը, սակայն անում է հակառակը: Նա տվել է թռիչքային զարգացման խոստում, որը չկա: Հիմա էլ ասում են, որ հեղափոխություն եղավ, դրա համար զարգացում չկա: Վրաստանում էլ հեղափոխություն եղավ, սակայն այնտեղ տնտեսական աճ գրանցվեց: Մենք իրենց տվել ենք 9,7 տոկոս տնտեսական աճով երկիր, իսկ այսօր Համաշխարհային բանկը 4,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, մեր պետբյուջեով էլ՝ 4,9 տոկոս: Կան բազմաթիվ խնդիրներ»:

Նույն շարքից