Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումն ապտակ էր Հայաստանի արդարադատությանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Հանրապետականում հաջորդ ընտրություններից, Շարմազանով նախ նշեց, որ հնարավոր չէ ասել, թե երբ են լինելու հաջորդ ընտրությունները. «Մենք մեր առաջնահերություններն արդեն ասել ենք: Առաջնահերթություն համար մեկ՝ Արցախյան հարցում բացառապես հայանպաստ լուծում, և Հայաստանի Հանրապետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի պաշտպանի 88-ի շարժման գաղափարները և 91 թվականի Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքները, Արցախը պետք է լինի անկախ պետություն: Երկրորդ՝ պետք է պաշտպանվի արժեքային համակարգը: Մենք դեմ ենք համասեռամոլներին, աղանդներին, շուռնուխներին, սութի-մութի բաներին, մեր արժեքային համակարգի վերաբերյալ պղծության քարոզին: Երրորդ՝ Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Իսկ մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում դարձել է իզգոյ: Չորրորդ՝ Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ և պետք է հասնի համաձայնագրի ամբողջական վավերացմանը: Այնինչ մենք տեսնում ենք, որ հույս կապել պետք չէ վավերացման հետ: Հինգերորդ՝ անվտանգություն և բանակաշինություն, որն ամենառաջնայինն է: Մենք շարունակելու ենք սպասարկել Հայաստանի և Արցախի պետական շահը՝ այս անգամ ընդդիմադիրի դիրքերից»:
Շարմազանովի խոսքերով, իրենք չեն ասում, թե Հայաստանի այսօրվա իշխանությունները դավաճան են, սակայն ակնհայտ է, որ այդ իշխանության վարած քաղաքականության արդյունքում խնդիրներ կան բոլոր տեղերում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ն լքողներին, Շարմազանովը նրանց հաջողություն մաղթեց՝ հավելելով, որ ՀՀԿ-ն այսօր ունի լավագույն թիմերից մեկը. «Եթե նայենք ՀՀԿ-ի քաղաքական կապիտալը, լիդերներին, գաղափարախոսությանը, որևէ մեկը չի կարող քաղաքական մրցակցության մեջ առավել լինել»:
Շարմազանովը նշեց, որ շարունակում է դասախոսել և զբաղվել քաղաքականությամբ՝ պայքարելով հանուն Հայաստանի և Արցախի. «Իսկ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք պոպուլիստական իշխանություն»: