Հայաստան 

ԼՂՀ վարչապետը ներկա է գտնվել Ծիծեռնավանքի հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառմանը

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  

Իր շնորհավորական խոսքում ԼՂՀ կառավարության ղեկավար ընդգծել է այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը: «Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու ենք պատերազմում և ի վիճակի ենք լինելու շենացնել մեր ազատագրված պատմական հայրենիքը... Ինչ նշանակություն է ունեցել այս տարածքը հայոց պատմության ընթացքում, վկան է Ծիծեռնավանքը, որը երկարամյա գերության ժամանակաշրջանում ևս կարողացել է պահպանվել և այսօր ծառայել հայ ազգին ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև որպես մեր պատմությունը վկայող հուշարձան»,- նշել է Ա. Հարությունյանը:

Վարչապետը շեշտել է, որ առկա են շատ խնդիրներ, որոնց մի մասը լուծում են ստացել, իսկ մնացածը տարիների ընթացքում կլուծվեն: Սակայն, ըստ նրա, եղել են նաև շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից ամենակարևորը համայնքում ծնված երեխաներն են: Նա գոհունակությամբ փաստել է ժողովրդագրական դրության բարելավումը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծվեն բոլոր նախադրյալները առաջիկայում ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: Ա. Հարությունյանը այցելել է նաև Ծիծեռնավանքի վերականգնված վանական համալիր:

Միջոցառման ընթացքում Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքի հիմնադրման ու զարգացման գործում ունեցած զգալի ներդրումների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով են պարգևատրվել մի շարք քաղաքացիներ:

Նույն շարքից