Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ մեկ լրատվամիջոց, այսօր անդրադառնալով ՀՀ դատախազության կողմից Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ նախօրեին տարածված հաղորդագրությանը, միայն իրեն հատուկ հնարամտությամբ աղավաղելով այդ տեքստը, փորձել է տպավորություն ստեղծել, թե գլխավոր դատախազությունը ԶԼՄ֊ներին է մեղադրել այդ գործով ՄԻԵԴ կողմից միջանկյալ միջոց կիրառելու միջնորդության բավարարումը սխալ մեկնաբանելու համար և, իբր, լրատվական դաշտի հասցեին «մաղձի մի հսկա չափաբաժին է շռայլել»։
Չմեկնաբանելով հրապարկման մեջ քաղաքական գնահատականներ ու «զգացմունքային տվայտանքներ» բստրելու թերթի յուրահատուկ տաղանդը՝ հատուկ հաղորդագրության տեքստը կարդալ չկարողացողների կամ կարողանալու դեպքում աճպարարություններով լրատվամիջոցներին դատախազության դեմ տրամադրելու փորձ անողների համար ընդամենը բառացի մեջբերում եմ հաղորդագրության այն միակ նախադասությունը, որտեղ շոշափվում է ԶԼՄ֊ների մասին.
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում»:
Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են։
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյան