Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել: Այս մասին գրում է Hetq.am-ը՝ ներկայացնելով, թե մարզպետարանի աշխատակիցներից ով որքան պարգևավճար է ստացել: Ջրի երես դուրս եկած ինֆորմացիան առաջացրել է համացանցի օգտատերերի զայրույթը:
Analitik.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետն ասաց, որ խոսքը 2018 թվականի աշխատավարձային ֆոնդում եղած խնայողությունների մասին է. «Այս պահին մարզպետարանի աշխատակազմում ավելի քան մեկ տասնյակ թափուր հաստիք ունենք՝ վարչության պետեր, բաժնի պետեր, մասնագետներ, նույնիսկ խորհրդականներ, և աշխատավարձային ֆոնդում զգալի խնայողություններ կար: Այդ խնայողությունների մի մասից համաչափության սկզբունքով ողջ անձնակազմին՝ բացառապես բոլոր աշխատակիցներին, առանց որևէ խտրականության, կրտսեր մասնագետների բլոկին աշխատավարձի 100 տոկոսով պարգևատրումներ ենք արել, իսկ ղեկավար կազմին՝ 97 տոկոսի չափով»:
Պարոն Պետրոսյանի խոսքերով, դա աշխատանքը գնահատելու և մոտիվացնելու մի ձև է. «Դա չի կարգավորվում այն նորմով, որ պետական ծառայողին առնվազն 6 ամիս աշխատանքային փորձից հետո պետք է պարգևատրեն, որովհետև հավելյալ բյուջեի մասին է խոսքը: Այս պարագայում եղած խնայողությունների հաշվին է և այդ առումով որևէ սահմանափակում չկա: Ես իմ լիազորությունների և իրավունքների շրջանակներում, բազմաթիվ իրավական ակտերով կարգավորվող նորմերով պարզապես պարգևատրում եմ տվել»:
Մարզպետը նաև հավելեց, որ նույն պարգևատրումներից ստացել են մարզի բոլոր բուժհաստատությունների, դպրոցների աշխատակիցները, բազմաթիվ ՏԻՄ-երում համայնքային ծառայողները. «Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը որևէ բանով չի տարբերվել: Կարծում եմ, որ ինչ-որ ուղղորդված արշավ է իմ անձի և գործունեության դեմ, չեմ կարող ասել ինչ կենտրոններից, և այդ ամենը պարուրված է այն շղարշով, որ հենց իմ թիմակիցներին եմ պարգևատրել»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում բարձրացված աղմուկին, պարոն Պետրոսյանն ասաց, որ հայրենակիցների կողմից եղած արձագանքին ինչ-որ առումով նաև ըմբռնումով է մոտենում. «Լրատվականներն ինչ-որ ուղղորդող վերնագրեր են դնում և պարզապես խեղաթյուրում են իրական փաստերը: Ցանկանում են տպավորություն ստեղծել, թե մարզպետը պարգևատրել է միայն իր թիմակիցներին, այսինքն՝ այն պաշտոնյաներին, ովքեր իմ նշանակումներն են, դա թյուրիմացության առիթ է հանդիսացել: Տպավորություն է ստեղծվել, թե միջին աշխատողն անտեսվել է ու միայն բարձր պաշտոնների իմ թիմակիցներն են արժանացել այդ պարգևատրումներին, ինչը բնավ այդպես չէ»:
Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետը նշեց նաև, որ որոշ լրատվականների կողմից տարածված տեղեկությունները հստակ խեղաթյուրված է:
Օֆելի Իսրայելյան