Հասարակություն գլխավոր 

Դատական համակարգի առաջնահերթ խնդիրներից է օրենքի տառին ու ոգուն խստագույնս հետևելը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.

«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:

Սա ևս մեկ առիթ է արժևորելու ու կարևորելու ձեր առանցքային դերակատարությունը օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և պետականաշինության գործում։

Տարիներ շարունակ իրականացված բարեփոխումների և սկզբունքային քաղաքականության նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն, որի զարգացմանն ու կատարելագործմանը, դատական մարմինների և դատավորի լիարժեք անկախության ու ինքնուրույնության ապահովմանն ուղղված աշխատանքներն այսուհետ ևս պետք է լինեն հետևողական ու կրեն շարունակական բնույթ:

Դատական համակարգի և գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել և մնում է օրենքի տառին ու ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս հետևելն ու դրանցով առաջնորդվելը: Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում և կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները։

Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում բոլորիդ հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում»:

 

Նույն շարքից