Հայաստան 

Վարչապետի հրաժարականը համազգային հարց դարձնելու նպատակը հասարակությանը շեղելն է.«Նախախորհրդարան»

analitik.am

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրաժարականի եւ նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակելու հանգամանքները համազգային մակարդակի հարց դարձնելուն ուղղված քարոզչական ու այլ բնույթի քայլերը անհեթեթ են եւ հետապնդում են մեր ժողովրդին ճակատագրական կարեւորության հարցերից շեղելու նպատակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:


Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը եւ այդ պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ ասեկոսեները վերջին օրերի ընթացքում արհեստականորեն վերածվել են հանրապետության թիվ մեկ քաղաքական նորության:


Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նորգաղութային, իսկ որոշ առումներով` անգամ դասական գաղութային բնույթի արտաքին կառավարման ներքո: Այն չունի ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգ, ի վիճակի չէ հաստատելու ու վարելու արտաքին հարաբերություններ: Նշված պատճառներով այդ համակարգն ըստ էության արդեն վերածվում է գաղութային վարչախմբի:


Ընդ որում` գործող վարչախումբը ձեւավորվում եւ իր իրավասության սահմաններում գործում է բրգային կառավարման սկզբունքով, ինչի հետեւանքով իշխանության իրականացման բոլոր լծակները կենտրոնացած են վարչախմբի պարագլխի` հանրապետության nախագահի պաշտոնն զբաղեցնող անձի ձեռքում:


Մնացած պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք, այդ թվում` վարչապետը, իրականում զրկված են Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված լիազորություններից եւ հնազանդ կերպով կատարում են վարչախմբի պարագլխի հրահանգները:


Վարչապետի պարագայում հարկ է նաեւ նկատի ունենալ, որ նույնիսկ գործող Սահմանադրությամբ նրա լիազորությունները սահմանափակ են եւ ըստ էության չեն ապահովում ինքնուրույն գործունեության հնարավորություն:


Այսպիսի պայմաններում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրաժարականի եւ նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակելու հանգամանքները համազգային մակարդակի հարց դարձնելուն ուղղված քարոզչական ու այլ բնույթի քայլերը անհեթեթ են եւ հետապնդում են մեր ժողովրդին ճակատագրական կարեւորության հարցերից շեղելու նպատակ:


Նախախորհրդարանը հորդորում է անտեսել մեկ բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող այս աճպարարությունը եւ աչքի առաջ ունենալով մեր պետականությանն ու ազգի ֆիզիկական գոյությանը սպառնացող արտաքին եւ ներքին մարտահրավերները` ինքնակազմակերպվել եւ երկրում ձեւավորել պետական կառավարման յուրային համակարգ:


Այդ նպատակով Նախախորհրդարանը կոչ է անում ձեւավորել իշխանության իրականացման զուգահեռաբար գործող ներկայացուցչական մարմին` Հիմնադիր խորհրդարան, սկսել դրա լեգիտիմացումը, նրա առաջնորդությամբ հեռացնել ապազգային ու հանցավոր վարչախմբին եւ ապահովել հայ ժողովրդի կամքի վերահաստատումը մեր երկրում:

Նույն շարքից