Հայաստան 

Տիգրան Կարապետյանը` վարչապետի հրաժարականի, նոր վարչապետի և այն մասին, թե ինչ էր անում Շրի Լանկայում եւ Հնդկաստանում

analitik.am

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ վարչապետի լավագույն տարբերակը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է:


«Հովիկ Աբրահամյանն ավելի վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար: Շախմատային քայլ կարող է լինել, քանի որ այս կերպ կփակեն քառյակի բերանը: Բացի դրանից Հովիկ Աբրահամյանը միշտ երազել է այդ մասին»,- այս մասին այսօր` ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Կարապետյանը:


Քաղաքական գործիչն ամենահավանականը համարում է հենց Հովիկ Աբրահամյանի նշանակվելը` միեւնույն ժամանակ չբացառելով Սեյրան Օհանյանի տարբերակը. «Եթե Սեյրան Օհանյանի նշանակումը լինի, ուրեմն վիճակը սրվում է, դա էլ հնարավոր է, բայց ավելի շատ հակված եմ մտածելու, որ կլինի Հովիկ Աբրահամյանը»:


Իսկ Հրանտ Բագրատյանի տարբերակը Կարապետյանի կարծիքով պարզապես «ֆանտազիայի» ժանրից է:


Լրագրողների հարցին` հնարավո՞ր է ՀՀ նախկին նախագահներից մեկը դառնա վարչապետ, Կարապետյանը պատասխանեց. «Պետք է բացառել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնան»:

Այնուամենայնիվ, ով էլ գա, ըստ Կարապետյանի, չի կարող հաճո լինել ժողովրդին:

«Ով էլ գա, պաշտոնյա է չէ՞ լինելու, իսկ պաշտոնյաներից մատնանշեք մեկին, որը ժողովրդին հաճելի է: Չկա նման մարդ»,- ավելացրեց Ժողովրդական կուսակցության նախագահը:

Խոսելով Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման մասին, նա նշեց, որ բանկիր Տիգրան Սարգսյանը չէր կարող լինել վարչապետ, քանի որ վաշխառու է եւ իր շահն առաջնային է համարում:

«Վաղուց էր հասունացել հրաժարականի պահը: Միշտ էլ ասել եմ, որ բանկիրը չի կարող լինել վարչապետ, քանի որ վաշխառու է եւ իր շահն առաջնային է համարում»,- ասաց նա:

Տիգրան Կարապետյանի խոսքով` ի սկզբանե սխալ էր Տիգրան Սարգսյանի նշանակումը. «Սխալ որոշում էր ի սկզբանե, կորցրինք ՌԴ-ից եկած 500 մլն դոլարը, նույն գումարը Համաշխարհային բանկից եկած: Ահա թե ինչ տվեց մեզ Տիգրան Սարգսյանի նշանակումը»:


Հարցին` հնարավո՞ր է Տիգրան Սարգսյանը նախագահ դառնա, Կարապետյանը քմծիծաղով պատասխանեց. «Ինքն էդքան չկա»:

 

Անդրադառնալով իր անձնական կյանքին` քաղաքական գործիչը հայտնեց, որ օրերս է վերադարձել Շրի Լանկայից, Հնդկաստանից եւ Բանգլադեշից. «Նախկինում ժողովրդին էի տալիս այդ գումարը, իսկ հիմա վայելում եմ, հանգստանում եմ»:


Ինչ վերաբերվում է քաղաքական ակտիվությանը, ապա Կարապետյանը փակագծերը չի բացում:


«Նախագահական ընտրություններին մասնակցելու եմ, սակայն այդ մասին խոսել դեռ չեմ ցանկանում, իսկ մինչեւ այդ համագործակցելու ենք արտախորհրդարանական ուժերի հետ, հիմա բանակցություններ են գնում»,- նշեց նա:

Նույն շարքից