Հայաստան 

Խնդիրները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, վարչապետի փոփոխությամբ չեն անհետանա. Ալեքսանդր Իսկանդարյան

analitik.am

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ձեռնպահ է մնում Հայաստանի նոր վարչապետի թեկնածության վերաբերյալ կանխատեսումներ անելուց: Նրա կարծիքով՝ տարբեր անունների հրապարակումը տեղի է ունենում կամ անտեղյակությունից, կամ դիտավորությամբ՝ հասարակության արձագանքը ստուգելու համար:


Միաժամանակ, քաղաքագետը գրեթե վստահ է, որ երկրի վարչապետ կդառնա իշխանական կոհորտայից որեւէ մեկը: «Պատճառ չեմ տեսնում, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմությանը զիջումների գնա»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ասվածը չի նշանակում, որ վարչապետ չի կարող դառնալ շրջանառվող անուններից մեկը, սակայն դա համընկնում կլինի:


Զուգահեռաբար, նա հիշեցրել է, որ այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, վարչապետի փոփոխությամբ չեն անհետանա: Դրանց թվում քաղաքագետը նշեց ներդրումային սովը, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ դիրքորոշում պահելը, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը:


Հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ նշանակվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի դեպքում, հաշվի առնելով գագիկ Ծառուկյանի հետ նրա բարեկամական կապերը, դա համարվի զիջում ընդդիմությանը, Իսկանդարյանը հիշեցրել է, որ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահն է եւ ըստ Սահմանադրության, երկրի երկրորդ պաշտոնյան:


Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին հայտնի է դարձել ապրիլի 3-ին:

Նույն շարքից