գլխավոր 

ԲՀԿ-ական պատգամավորը՝ մարզպետների ինքնապարգևատրման մասին

Լիահույս ենք, որ Իմ քայլը խմբակցությունը, ԱԺ-ում ունենալով բացարձակ մեծամասնություն, այնուամենայնիվ ականջալուր կլինի ընդդիմադիրների բարձրացրած կարևոր հարցերին, խնդիրները կլուծվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, քանի որ դրա թիվ մեկ շահառուն ՀՀ ժողովուրդն է: Ես չեմ ուզում ավելորդ լավատես լինել, որ ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն, կամ ընդդիմադիրները մեխանիկորեն կողմ կքվեարկեն Իմ քայլի նախաձեռնություններին: Ընթացքում հնարավոր են բանավեճեր, սակայն ԲՀԿ-ի նպատակը մեկն է՝ հասնել նրան, ինչին ձգտում է ժողովուրդը: Այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է մարզպետների շուրջ ծավալվող սկանդալային իրադարձություններին՝ կապված պարգևավճարների հետ, Պետրոսյանն ասաց, որ այդ տեղեկությանը տիրապետում են համացանցում տարածված տեղեկությունների մակարդակով՝ հավելելով, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց իրավունքն ունի Սահմանադրությամբ և օրենքով. «Ազգային ժողովն առաջին իսկ շփման առումով չունի իրավասություն քննարկելու մարզպետների պարգևատրումների հարցը: Դրա համար կա հաշվեքննիչ պալատ, ՊՎԾ: Եթե նրանք խախտումներ կհայտնաբերեն, ԲՀԿ-ն դրա իրավական ու քաղաքական գնահատականները կտան: Իհարկե մենք շահագրգռված ենք, որ ոչ մի լումա չծախսվի ոչ նպատակային, բայց գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք: Այս պահին նախ պետք է խախտում հայտնաբերվի, եթե նման բան կա: Իսկ մինչ այդ պետք չէ շտապողականություն ցուցաբերել»:

Ինչ վերաբերում է իր անձնական տեսակետին, Պետրոսյանը նշեց, որ պարգևատրումների հիմքը կասկածելի է՝ հաշվի առնելով այն, որ տվյալ մարզպետները պաշտոնավարում են մեկ տարուց էլ քիչ. «Բայց կրկնում եմ, որ համապատասխան մարմինները նախ պետք է խախտում բացահայտեն»:

Նույն շարքից