Հայաստան Քաղաքական 

ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է միասին լինեն վարչապետի ենթակայության տակ, կամ՝ դրանից դուրս. Պետրոսյան

Այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով կառավարության կառուցվածքի, սուպերվարչապետությունից հրաժարվելու, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ն ու Ոստիկանությունը վարչապետի ենթակայության տակից հանելու մասին, հայտարարեց, որ համապատասխան նախագիծը դեռ չի ներկայացվել Ազգային ժողով, ընդամենը խոսակցություններ են, դրա համար ԲՀ-ի ներսում քննարկումներ չեն եղել. «Անձամբ իմ կարծիքով, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարումը նպատակահարմար և ճիշտ չէ: Հայ ժողովրդի գոյապահպանման գործում մշակույթը բանակին հավասար դերակատարություն է ունեցել: Խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե կառավարությունն ինչ մեխանիզմով է տեսնում Մշակույթի նախարարության գործառույթների կատարում: Մենք պետք է խնամքով վերաբերվենք մեր մշակույթին:

Պետրոսյանի խոսքերով, ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին իր տեսակետը դեռ չի կարող հայտնել, քանի որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, երբ հստակ նախագիծ կլինի, կուսակցությունը կխոսի:

Ամեն դեպքում ԲՀԿ-ականը նշեց, որ իր անձնական կարծիքով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք չէ այս հարցում տարանջատել իրարից՝ կամ երկուսն էլ պետք  է լինեն վարչապետի ենթակայության տակ, կամ երկուսն էլ լինեն վարչապետի ենթակայությունից դուրս:

Նույն շարքից