Մենք խորհրդարանում ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ թիրախավորվում են ոչ թե անձինք, այլ խնդիրների բովանդակային կողմը: Այս առումով ձևավորովում է քաղաքական կառուցողական դիսկուս, որն արդյունավետ աշխատանքի կարևորագույն գործոններից մեկն է: Այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով մշտական հանձնաժողովների ձևավորման մասին և կարևորելով այն, որ այդ հանձնաժողովներից երեքի նախագահներն ընդդիմադիր խմբակցություններից են:
Ինչ վերաբերում է Իմ քայլը խմբակցությունում տիրող մթնոլորտին, Մակունցը նշեց, որ խմբակցությունում գործընկերային հարաբերություններ են. «Մեզ համար կարևոր է ժողովրդավարության, բազմակարծության սկզբունքը, որտեղ որոշումներն ընդունվում են ոչ թե ուղղահայաց կերպով, այլ՝ հորիզոնական: Որոշումներն ընդունվում են կարծիքները քննարկելու արդյունքում: Օրենսդրական նախաձեռնությունների առումով մենք որոշել ենք, որ ցանկացած նախագիծ նախ քննարկվելու է խմբակցության ներսում, հետո դրանք կներկայացվեն խորհրդարանի դատին: Ի դեպ, այսօրվանից սկսվելու է նմանատիպ երկու նախագծի քննարկում»: