Լուսավոր Հայաստանը շարունակում է դժգոհ մնալ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությունից, մենք շարունակում ենք դա խայտառակություն համարել: Այսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում հայտարարեց ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգսիյանը. «Մեծամասնությունը ընտրեց Վահե Էնֆիաջյանին՝ փաստացի որևէ փաստարկ չբերելով դրա համար: Խոսնակը, բացի որևէ կուսակցության ներկայացուցիչ լինելը, անձ է, որը դառնում է ԱԺ նախագահության մաս, խորհրդի անդամ: Մեծամասնության համար գերադասելի դարձավ ԲՀԿ-ին տալ լրացուցիչ լծակներ և ուժեղացնել որպես ընդդիմություն, եթե կարելի է այդպես ասել»:
Գորգիսյանի խոսքերով, մյուս կողմից մեծամասնությունն իր վերոնշյալ քայլը փորձեց արդարացնել Մանե Թանդիլյանին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնելու մտարդությամբ, ինչը տրամաբանական չէ, քանի որ այս կամ այն կերպ ԼՀ-ն ունենալու էլ հանձնաժողովի նախագահ:
ԼՀ խմբակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն իր հերթին ասաց, որ խմբակցությունը հասցրել է շրջանառության մեջ դնել երեք օրենսդրական նախագիծ, որոնցից առաջինը վերաբերում է պարտադիր զինծառայությանը, երկրորդը՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որով առաջարկվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար. «Այս օրենքի անհրաժեշտությունը կա, քանի որ վերջին շրջանում ոտնձգություններ են կատարվում փաստաբանների գործունեության նկատմամբ: Օրենքը նպատակն է բարձրացնել բավարար մակարդակի վրա փաստաբանի գործունեության պաշտպանությունը: Մյուս նախագծով առաջարկվում է կալանավորման մեկ օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1,5 օրվան»: