Հայաստան 

Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված էր` ոչ իշխանական քառյակին «մատ» անելու համար. Պետրոս Մակեյան

analitik.am

«Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրելով` Սերժ Սարգսյանը խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակին «մատ» արեց:

«Համոզված եմ, որ հրաժարականը պարտադրվեց»,-ասաց Պետրոս Մակեյանը՝ շարունակելով, թե ժողովրդական խոսքն ասում է, որ գնացողի հետևից կա՛մ լավ են ասում, կա՛մ՝ ոչինչ, բայց ինքը ցանկանում է նշել, որ օֆշորային սկանդալային պատմությունից հետո վարչապետը պետք է հրաժարական տար:

«Բայց ինչո՞ւ հիմա, և ինչո՞ւ այս տարբերակով»,-հարցադրում արեց Պետրոս Մակեյանը` նշելով, թե ապրիլի 28-ին սպասվելիք հանրահավաքից առաջ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան տանդեմը պետք է ընտրություն կատարեր: «Եվ կատարեց: Մավրն իր գործն արել էր և պետք է գնար: Դա Տիգրան Սարգսյանն էր»,-ասաց Պետրոս Մակեյանը:

Վերջինիս կարծիքով, սակայն, այս ամենը նման է գոլորշի բաց թողնելու, քանի որ շատերը կարծում են, թե հաղթել են, բայց, ըստ բանախոսի՝ վարչապետի փոփոխությունից քիչ բան կփոխվի:

«Մեր երկրում վարչապետները օպերատոր-կատարողներ են: Սերժ Սարգսյանի համար վարչապետի ամենաանհարմար թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ հարմարը՝ մի X թեկնածու, որը լինելու է օպերատոր-վարչապետ: Բայց ենթադրում եմ, որ նոր վարչապետը լինելու է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից»,-հաղորդեց Պետրոս Մակեյանը՝ ավելացնելով, թե ժողովրդի համար ամենալավ տարբերակն այս վարչախմբից ազատվելն է:

«Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդմամբ՝ հայաստանյան ընդդիմադիր դաշտի 90 տոկոսը վերահսկվում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից:

«Այսպիսի բան Հայաստանի քաղաքական դաշտում չէր եղել»,-եզրափակեց նա։

Նույն շարքից