Հայաստան 

Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված էր Կրեմլի կողմից. Էդգար Վարդանյան

analitik.am

Տիգրան Սարգսյանի հրաժարականը Կրեմլի որոշումն է եղել: Այդ մասին այսօր՝ ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:


«Պուտինյան վարչակազմն ուժեղացնում է իր դիրքերն իրենից կախման մեջ գտնվող տարածքների վրա եւ խախտելով խաղի կանոնները` ստեղծում է նոր իրավիճակ միջազգային հարաբերություններում: Շատ հավանական է, որ վարչապետի փոփոխության օրակարգը ձեւավորել է Կրեմլը: Սա չի նշանակում, որ այս մարդուն պետք է նշանակեք, Տիգրան Սարգսյանին հանեք: Սակայն ամենայն հավանականությամբ, վարչապետի փոփոխությունը հրաման է եղել Կրեմլից»,- այս մասին այսօր` ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետը:


Միեւնույն ժամանակ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ցանկացել է նաեւ քաղաքական էլիտան:


«Էլիտան էլ ուներ խնդիրներ` անձնական, գործնական, Տիգրան Սարգսյանի հետ եւ օգտվեցին այս առիթից եւ հանեցին նրան»,- ավելացրեց Էդգար Վարդանյանը:


Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականը փոփոխություններ կմտցնի ընդդիմադիր քաղաքական ուժերի ծրագրերի մեջ. «Հավանաբար, այս բոլոր փոփոխությունները կազդեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ծրագրերի վրա: Նրանց ծրագրածն արդեն վտանգի տակ է: Կառավարության հրաժարականը պահանջելը դիտվում էր փուլ, սակայն իրականում հենց դրա շուրջ էին հավաքվել: Նրանց սպասվածն ու պահանջվածը եղավ ժամանակից շուտ: Ի՞նչ է անելու այս քառյակը: Նոր վարչապետն առնվազն մեկ ընդդիմադիր ուժի համար համակրելի է լինելու, իսկ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, որ արդեն հայտարարել են ամբողջական իշխանափոխություն պահանջելու մասին, հենց դրանով պիտի զբաղվեն»:


Լրագրողների հարցին, թե ինչ պետք է սպասել կառավարության փոփոխությամբ, փորձագետն ասաց. «Պետք չէ սպասել լուրջ դրական փոփոխություններ: Այնուամենայնիվ, փոխվելու է կառավարության կազմը, հենց Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ լուրջ փոփոխություններ են լինելու»:


Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր:

Նույն շարքից