Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Անթալիայում մասնակցելով ուսանողների հետ հանդիպմանը՝ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։
Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։
Չավուշօղլուն վերջում հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։
Աղբյուր` Haberler