Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ իրենք չեն շտապում իրենց գործատուներին հորդորել, որպեսզի մուծեն պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարները, քանզի գտնում է, որ օրենքի ընդունման միակ հիմքը հետևյալն էր. «Կառավարությանն ուղղակի փող էր պետք»:
«Եթե հետ նայենք, թե երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ բնակչության շուրջ 80 տոկոսը դեմ է պարտադիրին, կտեսնենք, որ այդ խոսքերը ռեալիզացրեց Սահմանադրական դատարանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր կառավարությունը հույսեր պետք է փայփայի, որ կարողանա մինչև սեպտեմբեր օրենքը փոխել:
Գագիկ Մակարյանը նաև հույս հայտնեց, որ նոր կառավարությունը՝ կախված, թե ինչ բլոկից կնշանակվի վարչապետը, կարող է օրենքի կիրառումը դեռևս սառեցնել:
Ինչ վերաբերում է օրենքի կիրառմանը, Գործատուների միության նախագահը նշեց մի քանի տարբերակներ: «Տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ այդ գումարները հավաքվեն և մի երեք ամիս մնան գործատուի տրամադրության տակ, եթե ոչ, ապա մենք կատեգորիկ պայքարելու ենք մինչև վերջ, որ պարտադիրի մասով գործատուի տուժ ու տուգանքներն առնվազն վերանայվեն»,- ասաց նա:
Վերջինիս համոզմամբ՝ թոշակի համար մուծում կատարելը գործատուի իրավասության մեջ չի մտնում: «Պետք է Կառավարությունը մոտիվացնի գործատուին, և պետք է պարտադիրը հանվի»,- եզրափակեց նա:
Խոսելով Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության մասին՝ բանախոսը նշեց, որ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողված վարչապետ չէր Հայաստանի համար: Ա
«Հանրապետական կուսակցությունը պետք է խիզախություն դրսևորի և առնվազն տասը պատգամավորի ազատի պաշտոնից, իսկ նախարարների առնվազն կեսը պետք է անբավարար ստանան և նույնպես ազատվեն պաշտոնից»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ անկախ այն բանից, թե ով կդառնա վարչապետ, Ազգային ժողովը պետք է ունենա այն դերը, ինչը ուներ նախկինում, պետք է լինի իսկապես օրենսդիր մարմին, այլ ոչ թե գործադիրի որոշումները «դակող»:
Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանը՝ Գագիկ Մակարյանը հայտարարեց. «Կունենանք կամ իներցիոն կառավարություն, կամ՝ զարգացող տնտեսություն»: