Երևանի կենտրոնում արդեն երկար ժամանակ է ապրում են բազմաթիվ ընտանիքներ, որոնց ճակատագիրը փաստացի գտնվում է անորոշության մեջ: Այս մարդիկ բնակվում են տներում, որոնք մի կողմից իրենցն են, իսկ մյուս կողմից՝ ոչ: Դեռևս 2007 թվականից Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցներում գտնվող 106 ընտանիքիների տները հայտնվել էին իրացման գոտում: 2007 թվականին «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը բնակիչների հետ պայմանագիր էր կնքել, որի համաձայն պետք է լուծեր բնակիչների բնակարանների հարցերը, սակայն մինչ օրս որևէ բան չի արվել:
Analitik.am-ի հետ զրույցում Հանրապետության 33 թաղամասի մի քանի բնակիչներ նշել էին, որ բնակարանները մի քանի տարի առաջ ստորգետնյա ցնցումներից հետո ավերակների էին վերածվել, առաստաղների վրա մեծ ճեղքեր կան, դրանք չնչին շարժից կարող են հողին հավասարվել: Քաղաքացիները հայտնել էին նաև, որ պայմանագիր ունեն, որի համաձայն իրենց պետք է 3-4 տարվա ընթացքում բնակարաններ տրամադրեին, բայց արդեն 10 տարի է այս հարցը չի կարգավորվում:
2018 թվականին «Գլենդել Հիլզ» ընկերության դեմ բողոքող քաղաքացիները Կառավարության շենքի մոտ հանդիպել էին Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին, ով քաջատեղյակ էր խնդրից։ Նա նշել էր, որ «Գլենդել Հիլզ»-ն այլևս չկա, բայց ֆինանսական միջոցներ կան կառուցապատումը շարունակելու համար. «Գումարը կա, մոտ 15 մլն դոլարի մասին է խոսքը։ Ես կարծում եմ՝ չորսից վեց ամսվա մեջ ձեր հարցերը կլուծվեն»:
Խոստումից անցել է արդեն 6 ամիս:
Այսօր՝ հունվարի 22-ին, Analitik.am-ը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարության և առաջացած խնդրի լուծման մասին նորից զրուցեց «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից տուժած բնակիչների հետ: Հանրապետության 33 թաղամասի բնակչուհի Ժենյա Ղազարյանն ասաց, որ դեռ ոչ մի նուրություն չկա. «Մենք այլևս ոչ մի բանի չենք հավատում, որովհետև երկար ժամանակ խաբված ենք եղել: Ներկա իշխանությունների պաշտոնավարման համար պայքարել ենք այն հույսով, որ մեր խնդրին լուծում կտրվի, բայց նորից եմ կրկնում՝ իշխանությանը չի հետաքրքրում ժողովուրդն ու առաջացած խնդիրները: Մի քանի հատ պուպուշ խոսքեր ասելով՝ մարդկանց խաբում են, բա վե՞րջը»:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ բնակչուհին ասաց, որ դա էլ է հերթական խաբելու դեպքը. «Արդեն վախենում ենք ինչ-որ մեկին հավատալ, որովհետև չգիտենք՝ իրոք կլուծե՞ն այս հարցը, թե՞ հերթական անգամ կհիասթափվենք: Միայն մեր պայմանագրերն ենք ուզում: Չեմ հասկանում՝ ի՞նչ դժվար բան է դա, որ պետությունը չի կարողանում անել: Արդեն հիասթափվում եմ այս պետությունից ու սկսում եմ հասկանալ այն, որ այստեղ մնալը կործանում է բոլորին»:
Օֆելի Իսրայելյան